3 հունիսի 2020 - 12:19 AMT
ԱԺ-ն իրավունք է ստացել ԱԴ ժամանակ չեղարկել հանրաքվեները. Օրենքն ընդունվել է

Հունիսի 3-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով խորհրդարանն իրավունք է ստանում չեղարկել հանրաքվեն, եթե այն նշանակվել է ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելուց առաջ:

Օրենքով սահմանվում է, որ եթե մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտն Ազգային ժողովը չի չեղարկել հանրաքվեն, ապա դրա գործընթացը վերսկսվում է ըստ այդ օրենքով սահմանված ժամանակացույցի:

Օրենքը խորհրդարան է ներկայացրել իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը: Նախագծին կողմ է քվեարկել 82, դեմ՝ 17 պատգամավոր։ Քվեարկությանը չի մասնակցել «Լուսավոր Հայաստանը»:

Հայաստանում ապրիլի 5-ին պետք է անցկացվեր սահմանադրական հանրաքվե, որը կորոնավիրուսի համաճարակի պատճառով հայտարարված արտակարգ դրությամբ անորոշ Ժամանակով հետաձգվել էր։ Կառավարությունը խորհրդակցության նպատակով դիմել է Վենետիկի հանձնաժողով, որպեսզի հանրաքվեով վիճարկվող հարցը խորհրդարանի մակարդակով լուծելու տարբերակներ գտնի: Հանրաքվեով որոշվելու էր ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և նախորդ իշխանությունների կողմից ընտրված մյուս դատավորների լիազորությունների դադարեցման հարցը։