5 հունիսի 2020 - 16:20 AMT
ԱՆ․ Նմուշառման փայտիկների սղություն կա

Հայաստանում այս պահին կորոնավիրուսային հիվանդությունը պարզելու համար անհրաժեշտ նմուշառման փայտիկների սղություն կա: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ հավելելով, որ սղություն կա ամբողջ աշխարհում։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայի կենտրոնը հունիսի 4-ին ձեռք է բերել 4600 փայտիկ` 2300 նմուշի համար (մեկ նմուշին օգտագործվում է 2 փայտիկ):

«Առողջության առաջնային պահպանման օղակին, մասնավորապեսё Երևանի թիվ 17 պոլիկլինիկային է բաշխվել 600 փայտիկ` 300 նմուշի համար:

Առաջիկա օրերին սպասվում է փայտիկների մեծ խմբաքանակ, որը կբաշխվի նմուշառում իրականացնող հաստատություններին»,- ասվում է գրառման մեջ:

Հունիսի 5-ի դրությամբ ընդհանուր առմամբ, թեստավորվել է 65,161 անձ։

Հայաստանում հունիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 11,817-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 596-ով: Մահվան ևս 8 դեպք է գրանցվել. 7-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 183 դեպք կա, այլ պատճառով՝ 69։ Առողջացածների ընդհանուր թիվը 3513 է։Փաստացի բուժվողները 8052 -ն են։