23 հունիսի 2020 - 10:35 AMT
ՄԱԿ-ում Ցեղասպանության կանխարգելման ՀՀ նախաձեռնած բանաձևն ընդունվել է

Հունիսի 22-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի նախաձեռնությամբ առաջադրված Ցեղասպանության կանխարգելում բանաձևը (Resolution on prevention of genocide), տեղեկացնում է ԱԳՆ-ն:

2020-ին Հայաստանի ներկայացրած բանաձևի թարմացված տեքստը ներառել է բազմաթիվ նոր դրույթներ. ի թիվս այլոց, ընդգծվել է, որ ցեղասպանության վտանգ կա այն երկրներում, որտեղ զանգվածային խախտվում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, այդ թվում՝ թիրախավորվում և հետապնդվում են էթնիկ, ռասայական, ազգային կամ կրոնական փոքրամասնությունները:

Այս համատեքստում ուշադրություն է հրավիրվել ցեղասպանության այնպիսի վաղ ազդակների վրա, ինչպիսիք են քաղաքական գործիչների կողմից նշված խմբերի հանդեպ ատելության խոսքի տարածումն ու նրանց իրական կերպարի աղավաղումը: Նշվել է ազգային, կրոնական և էթնիկ փոքրամասնությունների մշակութային և հոգևոր ժառանգության ու պատմական հուշարձանների պահպանման կարևորությունը:

Բանաձևը վերահաստատում է, որ ցեղասպանության կանխարգելման հիմնական տարրերից է անցյալում գործած ցեղասպանությունների մասին ուսուցումը և զոհերի հիշատակի հարգումը, ըստ այդմ՝ ընդգծվել է անցյալում գործած ցեղասպանությունների հետ կապված վկայությունների ու արխիվային նյութերի պահպանման անհրաժեշտությունը:

Հայաստանի կողմից առաջադրած բանաձևը համահունչ է ՄԱԿ-ի նախանշած գերակայություններին: Այսպես, անդրադառնալով ՄԱԿ-ի Կայուն զարգացման թիրախներին՝ փաստաթուղթն ընդգծում է, որ դրա 4-րդ նպատակը պետք է իրականացվի նաև անցյալում գործած ցեղասպանություններն ուսուցանելու միջոցով:

ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի ձեռնարկված այս քայլերը սերտորեն փոխկապակցված են Հայոց ցեղասպանության ընդունման և դրա ժխտողականության դեմ պայքարի հետ, քանի որ ցեղասպանությունների և մարդկության հանդեպ գործած այլ ոճրագործությունների կանխարգելման միջազգային օրակարգի մաս են կազմում, որի հիմնական տարրերն են՝ անպատժելիության դեմ պայքարը, ճշմարտության վերականգնումը, ցեղասպանության հիմնարար պատճառների բացահայտումը և վաղ կանխարգելման մեխանիզմների հիմնումը:

Ցեղասպանության կանխարգելման բանաձևին ներկա պահին համահեղինակել է մոտ 60 պետություն: Այն բաց է լինելու համահեղինակության համար ևս երկու շաբաթ:

2015 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր 69-րդ նստաշրջանին կոնսենսուսով ընդունեց Հայաստանի կողմից նախաձեռնած՝ դեկտեմբերի 9-ը (կոնվենցիայի ընդունման օրը) «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր» հռչակելու վերաբերյալ բանաձևը: