Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Կողմ է քվեարկել 89 պատգամավոր։
Օրակագրում մեկ հարց էր՝ «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների» նախագիծը։ Այն, մասնավորապես ենթադրում է Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցում։
Նախագծով առաջարկվում է օրենքով ամրագրել, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, նշանակված և ՍԴ անդամի կամ դատավորի պաշտոնում ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվի ավարտված, և պաշտոնավարումը դադարեցվի: Նախատեսվում է, որ մինչև նույն 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը ՍԴ գործող նախագահի լիազորությունները դադարեցվեն և ՍԴ կազմից նոր նախագահ ընտրվի։
ԱԺ-ն նաև ընդունեց կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխությունները, ըստ որոնց Սահմանադրական փոփոխությունները հաստատման համար չեն ուղարկվի նախագահի քննարկմանը:
«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցել նիստին։
«Իմ քայլը» 2020-ի սկզբին արդեն մեկ անգամ առաջարկել էր նման նախագիծ, սակայն հետո որոշվեց հարցը հանրաքվեի դնել: Սակայն, կորոնավիրուսի համավարակով և արտակարգ դրությամբ պայմանավորված՝ խորհրդարանն ընդունեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի որոշումը հետ կանչելու վերաբերյալ նախագիծը։