25 հունիսի 2020 - 18:45 AMT
Թուրքիա և Վրաստան տանող ճանապարհնեը կհիմնանորոգվեն

Կառավարությունը միջոցներ կհատկացնի դեպի Թուրքիայի և Վրաստանի հետ սահմաններ տանող ճանապարհների հիմնանորոգման համար։ Այդ մասին ասվել է կառավարության նիստում։

Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգումն ապահովելու նպատակով կատարվել է վերաբաշխում 2020 թ. պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ՝ նախկինում ընդունված որոշումներից մեկում:

Ըստ այդմ՝ առաջարկվել է Մ3, Թուրքիայի սահման – Մարգարա –Վանաձոր - Տաշիր - Վրաստանի սահման հատվածի հիմնանորոգման և հեղինակային հսկողության ծառությունների համար հատկացնել մոտ 1․7 մլրդ դրամ, իսկ Մ9, Մ1-Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահման հատվածի հիմնանորոգման և հեղինակային հսկողության ծառությունների համար՝ 434,645 դրամ:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ գործազրկության հետ կապված խնդիրը լուծելու կարևորագույն գործիքներից են նաև կապիտալ ծախսերը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ կառավարության կողմից կապիտալ ծախսերի համար հատկացված մոտ 22 մլրդ դրամ ծախսերից զատ, այս որոշումը հաստատելուց հետո, կլինի մոտ 31 մլրդ դրամի հաստատված ծախս՝ հայտարարված ճանապարհների շինարարության կենսագործման համար։