30 հունիսի 2020 - 17:02 AMT
Ծառուկյան․ Փաստորեն՝ բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաստորեն բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում»։

Նա նաև հրապարակել է նախկինում իր արած հայտարարությունը, որտեղ հարցին, թե արդյոք չի վախենում վարակվելուց, նշում է, որ «բարի մարդկանց կորոնավիրուսը չի կպնում»: Դրանից կարելի է ենթադրել, որ Ծառուկյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել:

«Առողջություն բոլոր վարակակիրներին: Աստված պահապան մեզ բոլորիս»,- գրել է նա՝ մեկնաբանելով տեսանյութը:

Կորոնավիրուս է ախտորոշվել Ծառուկյանի որդու՝ Նվերի մոտ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ վարակվածների թվում է նաև ԲՀԿ նախագահի խոսնակը՝ Իվետա Տոնոյանը, ինչպես նաև այլ ԲՀԿ-ականներ, մասնավորապես՝ Վահե Էնֆիաջյանը և Արման Աբովյանը։

ԲՀԿ խմբակցության բոլոր պատգամավորները մասնակցել են ի աջակցություն Ծառուկյանի կազմակերպված ցույցերին և սերտ շփում ունեցել նրա հետ։