9 հուլիսի 2020 - 10:35 AMT
ԱԳՆ․ Հակահայկականությունն Ալիևի իշխանության պաշտպանության վերջին գիծն է

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Խաթայի շրջանում ելույթի ժամանակ ՀՀ և հայերի հասցեին արված հայտարարություններին, նշել է, որ հակահայկականությունն Ալիևի իշխանության պաշտպանության վերջին գիծն է, և դրա հետևում թաքնվելը լավագույնս բնութագրում է այդ երկրում զարգացող ներքին ճգնաժամը և հուսահատ տրամադրությունները:

Ալիևը Հայաստանին և հայ ժողովրդին ուղղված հերթական ելույթն է ունեցել՝ Հայաստանի ներքին գործընթացների, ԼՂ խաղաղ կարգավորման վերաբերյալ մեկնաբանություններով և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն ուղղված քննադատությամբ: Նա, մասնավորապես, նշել է, թե հայերի մասին ոչ մի հիշատակում չկա 1800-ականների սկզբին կնքված Քյուրակչայի պայմանագրում:

Խոսնակը հավելել է, որ մի քանի շաբաթ առաջ Հայաստանում կորոնավիրուսի տարածման առնչությամբ չարախնդող «նախագահ Ալիևն այսօր մեկուսացման մեջ գտնվող իր հասարակությանը դիմելու այլ խոսքեր չունի, քան «օգտակար թշնամու» կերպարի առաջբերումը»:

«Զավեշտալի է, որ Հայաստանի ներքին քաղաքական զարգացումների, մարդու իրավունքների և ազատությունների մասին գնահատականներ է տալիս մի երկրի ղեկավար, որտեղ քաղաքական և տնտեսական իշխանությունը տասնամյակներ շարունակ գտնվում է մեկ ընտանիքի ձեռքում, որը միջազգային ասպարեզում բնորոշվում է որպես ռեպրեսիվ ռեժիմ: Հատկանշական է, որ նախագահ Ալիևն իր թշնամական և ռասիստական մեկնաբանություններով անպատասխանատու վերաբերմունք և արհամարհանք է դրսևորում նախևառաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից մեկ շաբաթ առաջ արված հայտարարության հանդեպ, որը պարունակում էր մտահոգություն թշնամական և սադրիչ հռետորաբանության առնչությամբ»,-ասվում է հայտարարության մեջ:

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը, անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, ասել էր, որ ԼՂ հարցի կարգավորված չլինելու համար Ալիևը պիտի մեղադրի միայն ինքն իրեն, քանի որ վաղուց հեռացել է քննարկումների կառուցողական դաշտից, իսկ եթե հարցն ունի ռազմական լուծում, ապա Արցախի քաղաքացիները վաղուց լուծել են այն:

Վերջին շրջանում Ալիևն իր ելութներում հաճախակի է անդրադառնում Հայաստանին, Արցախին և հայերին։ Ավելի վաղ նա ասել էր, թե ՀՀ անկախության պատմությունն ամոթի պատմություն է։ Նա ասել է, թե ՀՀ գործող իշխանոթյունները ապացուցել են, որ 1998-2018թթ․ «ՀՀ կառավարող մարդիկ հանցագործներ, գողեր ու ավազակներ են եղել, և նրանից շատերը կալանավորված են»։