9 հուլիսի 2020 - 13:43 AMT
Ծառուկյանի «Շանգրի լան» զրկվել է լիցենզիայից

Ֆինանսների նախարարությունը ուժը կորցրած է ճանաչել ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի լա» խաղատան լիցենզիան։ Այս մասին տեղեկացնում է Azdarar.am-ը։

Խաղատունը շահագործում է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի մաս կազմող «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն:

Քանի որ «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն չի վճարել լիցենզիայի համար 2020-ի երկրորդ եռամսյակի պետտուրքի մեկ քառորդը, որոշում է կայացվել խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած ճանաչել:

Հունիսի կեսին ԱԱԾ-ն հայտնել էր, որ խաղատունը մոտ 30 մլրդ դրամի վնաս է պատճառել պետությանը։

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի սեփականատեր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք տալու մեջ։ Նա զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից։