29 հուլիսի 2020 - 10:22 AMT
ԱՀԿ․ Աշխարհում Covid-19-ի միայն մեկ ալիք կլինի

Աշխարհում կորոնավիրուսի միայն մեկ ալիք կլինի, ինչին հատուկ է ինչպես տարածման տեմպի արագացումը, այնպես էլ դանդաղումը։ Այս մասին, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, հայտարարել է ԱՀԿ ներկայացուցիչ Մարգարետ Հարիսը։

Նա ասել է, որ պետք չէ ակնկալել, թե հյուսիսային կիսագնդում ամռանը վիրուսը կդադարի տարածվել, քանի որ Covid-19-ը նման չէ գրիպին և սեզոնային տարածման միտում չունի։

ԱՀԿ ղեկավար Թեդրոս Հեբրեյեսուսն ավելի վաղ հայտարարել էր, որ կորոնավիրուսի համաճարակը կազմակերպության պատմության մեջ ամենալուրջ մարտահրավերն է։ Այն շարունակում է ուժգնանալ, վերջին 6 շաբաթում վարակվածների թիվը գրեթե կրկնապատկվել է։

Հուլիսի 29-ի դրությամբ աշխարհում հայտնի է կորոնավիրուսով վարակվելու 16,737,842, մահվան՝ 660,383, ապաքինվելու՝ 9,749,159 դեպք։