3 օգոստոսի 2020 - 10:38 AMT
Մարզպետ․ Տավուշցիներն ունենալու են ավելի լավ տներ, քան հրետակոծությունից առաջ

Հակառակորդի հրետակոծության արդյունքում Տավուշի սահմանամերձ գյուղերում վերականգնման աշխատանքներն ավարտվելու են հնարավոր ասեղմ ժամկետներում, և բնակիչներն ունենալու են ավելի լավ տներ, քան հրետակոծությունից առաջ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է մարզպետ Հայկ Չոբանյանը։

Նա նշել է, որ 100 վնասված շինության վերականգման աշխատանքներն ակտիվորեն շարունակում են, մեկնարկել է նաև Այգեպար գյուղի փողոցների ասֆալտապատումը:

«Այցելել եմ հրետակոծությունից ամենից շատ տուժած Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր համայնքներ: Շատ ոգևորված և հպարտ եմ մեր սահմանապահ բնակիչներով, որոնք ոչ միայն ընկճված չեն, այլ իրենց հողին կանգնած են ավելի ամուր, քան երբևէ»,- ասվում է գրառման մեջ:

Հուլիսի 16-ին ստեղծվել էր հրետակոծված բնակավայրերի շինությունների գույքագրման հանձնաժողով: Հայտարարվել էր, որ վնասված շինությունները կվերականգնվեն, իսկ եթե հնարավոր չլինի վերականգնել կոնկրետ տունը, ապա նորը կկառուցվի։

Հուլիսի 12-16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց հետևանքով 5 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-21-ը սահմանին հարաբերական հանգիստ վիճակ է եղել։ Հուլիսի 21-ին Ադրբեջանը գրոհել է հայկական «Անվախ» դիրքի վրա և ետ շպրտվել։ Հուլիսի 22-ից հարաբերական կայուն վիճակը վերականգնվել է։