3 օգոստոսի 2020 - 12:35 AMT
Առաջարկ. Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարան ստեղծել՝ առնվազն 25 դատավորով

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է դրել օրինագծերի փաթեթ, որով առաջարկվում է ստեղծել հակակոռուպցիոն մասնագիտացված դատարան՝ առնվազն 25 դատավորով, հայտնում են ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախատեսվում է, որ 25-հոգանոց դատավորների կազմից 20-ը կքննեն ՀՀ քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով (ներառում է կոռուպցիոն հանցագործությունների ցանկը-խմբ․) նախատեսված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից և հայցապահանջներից բխող գործերը:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաև ստեղծել մասնագիտացված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 10 դատավորով։

Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ Վճռաբեկ դատարանում քրեական պալատում նախատեսվում է, որ կգործեն 8 դատավոր, իսկ քաղաքացիական և վարչական պալատում՝ 13։

Նախագծերով սահմանվել են նաև առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի համալրման կարգը, դատավորներին ներկայացվող պահանջները, դատավոր նշանակվելու սահմանափակումները, բոլոր ատյաններում դատավորների թեկնածուների բաերվարքության ստուգման կառուցակարգերը:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է բարեվարքության ուսումնասիրություն անցնելու պահանջ սահմանել նաև դատախազների թեկնածուների համար։