3 օգոստոսի 2020 - 14:28 AMT
57 մլն դրամ Արաբկիրի բյուջեից՝ 800 գծամետր կոյուղու ցանց անցկացնելուն

Երևանի Արաբկիր վարչական շրջանի առանձնատներով կառուցապատված երեք փողոցում կոյուղու նոր ցանց է անցկացվում: Ծրագրի ավարտին կլուծվի մոտ 250 տնատիրության տասնամյակների խնդիրը, հայտնում են քաղաքապետարանից։

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի խոսքով՝ տեղանքը բարդ է, երկարությունը՝ 800 գծամետր, արժեքը՝ 57 մլն դրամ։ Կոյուղատար ցանցի վերակառուցումն իրականացվում է համայնքային բյուջեի միջոցներով:

«Շարունակություն ունի ծրագիրը մայրաքաղաքում. այս պահին հայտարարված են ևս 7 հասցեի նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման աշխատանքներ: Ցավոք պետք է նշեմ, որ այս ծրագիրն ամբողջ քաղաքով մեկ մեկնարկած կլիներ, եթե չլինեին օրինազանց հայտատուներ, որոնք կեղծ փաստաթղթերով հայտնվեցին մրցույթներին և ձախողեցին ամբողջ տարվա ծրագիրն այս ոլորտում»,- նշել է Կամո Արեյանը:

«ԷՄՕՇԻՆ» ՍՊԸ ճարտարագետ Էմիլ Բզնունին հայտնել է, որ ծրագրով փոխվելու է 35 դիտահոր, նաև բնակելի տների վնասված մուտքագծերը: Կատարվելու է ասֆալտապատում։

Քաղաքապետարանի փոխանցմամբ՝ Երևանի ներքաղաքային կոյուղատար ցանցը մոտ 950 կմ երկարություն ունի: Դրա գրեթե 80 տոկոսը քայքայված է: