ԱԱԾ-ն շարունակում է ստուգել, թե ինչ ծագում ունի համացանցում շրջանառվող սքրինշոթը, որը պատկերում է ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգի աշխատանքային գործընթացը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը։
Նա նաև նշել է, որ սքրինշոթը չի վկայում 55 տերաբայթ ծավալով տեղեկատվություն կորզելու մասին․ «ԱԱԾ-ն շարունակում է աշխատանքները նշված լուսապատճենի ծագումը պարզելու և պետական սերվերներ ներթափանցելու մասին տեղեկությունը ստուգելու ուղղությամբ»։
Ադրբեջանցի հաքերներն ավելի վաղ հայտնել էին, որ կարողացել են ՀՀ կառավարական ներքին ցանցից տանել 55 ՏԲ տեղեկատվություն և հրապարակել «Զվարթնոց» օդանավակայանի մի քանի տասնյակ աշխատակիցների տվյալները։ PanARMENIAN.Net-ի հետ զրույցում ԱԱԾ տեղեկատվական կենտրոնից օգոստոսի 4-ի կեսօրին հայտնել էին, որ տեղեկատվությունը ստուգման փուլում է։
Հունիսին ադրբեջանցի հաքերները ՀՀ-ից մոտ Covid-19-ով 3500 հիվանդի կամ կոնտակտավորի տվյալներ էին հանրայնացրել։