5 օգոստոսի 2020 - 10:04 AMT
Պայթյունից տուժել է Բեյրութում ՀՀ դեսպանատունը, զոհերի թվում հայ կա

Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած հզոր պայթյունից մասնակիորեն վնասվել է նաև Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Լիբանանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Լիբանանի պատկան մարմինների և տեղի համայնքային կառույցների ղեկավարների հետ:Հայահոծ թաղամասերում, ինչպես ամբողջ Բեյրութում, ավերածությունները զգալի են։ Այս պահի դրությամբ նախնական տեղեկություն կա ազգությամբ մեկ հայի մահվան և մի քանիսի՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ունենալու մասին՝ հիմնականում տներում՝ ապակիների փշրվելուց։

Հնարավոր զոհերի, վիրավորների և պայթյունի պատճառած ավերածությունների վերաբերյալ տվյալները ճշտվում են, և դրանց վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի», - ասվում է գրառման մեջ:

Պայթյունից զոհվածների թվում է Լիբանանի «Քաթաեբ» կուսակցության առաջնորդ Նազար Նաջարյանը, հայտնել է «Արևելքը»։

Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգիստում ուժեղ պայթյուն է որոտացել։ Առնվազն 78 մարդ է զոհվել, ավելի քան 4000 վիրավոր կա։

Պայթյուններն այնքան ուժգին են եղել, որ լսվել են քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, տուժել է նաև հայկական թաղամասը։