ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ցնցված է եղբայրական Լիբանանում մահաբեր պայթյունից։
Նա հավելել է նաև, որ Հայաստանը կանգնած է եղբայրական երկրի կողքին։
«Հեռախոսազրույց ունեցա Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ։ Իմ զորակցությունը հայտնեցի Արամ վեհափառին, հայ համայնքին, Լիբանանի եղբայրական պետությանը և ժողովրդին:
Սգում ենք բոլոր զոհերի մահը և ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին եւ մտերիմներին։ Կանգնած ենք եղբայրական Լիբանանի կողքին»,- ասվում է վարչապետի գրառման մեջ։
Լիբանանի հայությանը, եղբայրական ժողովրդին ու պետությանը զորկացություն է հայտնել նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Ցնցված եմ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի ու դրա հետևանքների մասին լուրով։ Ցավակցում եմ զոհերի հարազատներին և արագ կազդուրում մաղթում վիրավորներին»,- ասվում է գրառման մեջ։
Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժեղ պայթյուն է որոտացել։ Պայթյուններն այնքան ուժգին են եղել, որ լսվել են քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։