5 օգոստոսի 2020 - 13:38 AMT
Քաղշինկոմիտեն նորից քննարկել է Լճաշեն-Սևան հատվածի գոտևորումը․ Տեղաբաշխման ուրվագիծ կա

«Սևան ազգային պարկի» Լճաշեն-Սևանի թերակղզու հատվածի գոտևորման նախագծի և քաղաքաշինական կանոնադրության աշխատանքների շրջանակում Քաղաքաշինության կոմիտեում կազմակերպվել է աշխատանքային հանդիպում:

Կառույցից տեղեկացնում են, որ նախագծային աշխատանքներն իրականացնող կազմակերպությունը ներկայացրել է ներառված հատվածում առկա գույքերի գրաֆիկական հենքի վրա տեղաբաշխման ուրվագիծը:

2020-ի ապրիլին հայտարարվել էր, որ Լճաշեն-Սևանի թերակղզու հատվածում հանգստի գոտու ստեղծման և ներդրումների խթանման նպատակով մշակվում է գոտևորման նախագիծ: Այն ժամանակ քննարկվել էր մոտ 10 կմ ճեմուղու կառուցումը։

Քննարկվել է նաև Սևանա լճի ափամերձ հատվածում տարածքի կոյուղաջրերի մաքրման համակարգի առավել արդյունավետ տարբերակի ընտրության հարցը:

Դիտարկվել է մի քանի առաջարկ` մաքրման կայանի կամ լոկալ մոդուլների տեղադրման հնարավորությունները: Վերջնական որոշում կայացնելու համար՝ հարցը ևս մեկ անգամ կքննարկվի Շրջակա միջավայրի նախարարության և Ջրային կոմիտեի հետ:

Բնապահպաններն ավելի վաղ մտահոգություն էին հայտնել Սևանի կանաչման մասով։ Ըստ նրանց՝ լիճ թափվող օրգանական նյութերը սնունդ են դառնում ջրիմուռների համար, ինչի հետևանքով այն կանաչում է։ Որոշների կարծիքով՝ դա էկոլոգիական մեծ վնաս է։ ՇՄՆ-ից նշել են, որ ուշադրության կենտրոնում են պահում Սևանի խնդիրները, լճի ծաղկման հարցով զբաղվում են, օտարերկրացի մասնագետներ են հրավիրվել, որոնք, սակայն, ՀՀ հասնել չեն կարողացել համավարակի պատճառով։