5 օգոստոսի 2020 - 18:00 AMT
«Իմ քայլը» ՍԴ դատավորների թեկնածության հարցում միասնական դիրքորոշում չունի

«Իմ քայլը» խմբակցության նիստում օգոստոսի 5-ին քննարկվել է Սահմանադրական դատարանի դատավորների թափուր պաշտոնի համար առաջադրված թեկնածուների հարցը, հայտնել է խմբակցության անդամ, Աժ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, փոխանցում է Sputnik Armenia-ն։

Նա հայտնել է, թե խմբակցությունն առաջադրված թեկնածուների վերաբերյալ միասնական դիրքորոշում չունի:

«Դիրքորոշում չի կարող լինել, կլինի այն ժամանակ, երբ մենք կկազմակերպենք քվեարկություն, կկայացվի որոշում, և մեր գործընկերը կհրապարակի այդ արձանագրությունը, որից կերևա Աժ դիրքորոշումը՝ կոնկրետ թեկնածուի նկատմամբ»,- ասել է Բաղդասարյանը:

Պատասխանելով ՀՀ նախագահի կողմից՝ մեկ անգամ արդեն մերժված թեկնածուին դարձյալ առաջադրելու մասին հարցին, Բաղդասարյանն ասել է, որ «Իմ քայլի» պատգամավորների դիրքորոշումը նրա նկատմամբ չի փոխվել:

«Այսինքն՝ եթե ես քվեարկել եմ մի ձևով, ես նույն ձևով կքվեարկեմ նաև այսօր կամ վաղը: Ի վերջո, այդ մարդու չափանիշների, մարդու կյանքի մեջ ոչ մի բան չփոխվեց: Անհասկանալի է նախագահի այն քայլը, որ առաջադրում է նույն մարդուն՝ հասկանալով, որ ընտրողը նույնն է, և այդ ընտրողն արդեն իր որոշումը կայացրել է, և այդ որոշման փոփոխության գործակիցներ նախագահը չի ներկայացրել»,- ասել է պատգամավորը։

Նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը, այն մեկ անգամ արդեն ԱԺ-ն մերժել էր:

Սահմանադրական վերջին փոփոխություններից հետո դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունների դադարեցման արդյունքում, ՍԴ-ում այժմ դատավորի երեք թափուր պաշտոն կա։ Թափուր տեղերի համար Կառավարությունն առաջադրել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանի, Դատավորների ընդհանուր ժողովը՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի, ՀՀ նախագահը՝ Արթուր Վաղարշյանի թեկնածությունը։