5 օգոստոսի 2020 - 18:14 AMT
Արցախը պատրաստ է լիբանանահայերի 100-150 ընտանիք ընդունել

Նախագահ Արայիկ Հարությունյանը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է, որ Արցախը պատրաստ է ընդունել լիբանանահայերին։ Այդ մասին ասել է նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը, գրում է ՍիվիլՆեթը։

Նա նշել է, որ խոսքը 100-150 ընտանիքի մասին է։

«Դա նորություն չէ, և այս դեպքով չէ պայմանավորված։ Այդ մտադրությունը եղել է նաև անցյալում՝ կապված Լիբանանում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի հետ։ Առավել ևս այս պայթյունից հետո, նախագահը խոսել է Արամ Առաջինի հետ և հայտնել է պատրաստակամություն ինչպես ընտանիքների ընդունման, այնպես էլ տարբեր աջակցության ծրագրեր իրականացնելու առումով։ Այսինքն, բոլոր հնարավորություններով այսօր Արցախը պատրաստ է օգնելու լիբանանահայությանը և Լիբանանի եղբայրական ժողովորդին»,- ասել է Վահրամ Պողոսյանը։

Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժեղ պայթյուն է որոտացել։ Պայթյունն այնքան ուժգին էր, որ լսվել է քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Վնասներ է կրել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։