7 օգոստոսի 2020 - 14:41 AMT
Հրայր Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք է առաջադրվել

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Հրայր Թովմասյանի նախկին վարորդ Ա. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքի համար (պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա): Ըստ ՀՔԾ-ի՝ նա 2011-2015 թթ․ օժանդակել է այդ ժամանակահատվածում ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության պետ Միհրան Պողոսյանի կողմից պետմիջոցներից վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով՝ 5.7 մլն դրամի հափշտակությանը:

Ըստ մեղադրանքի՝ Ա. Հ.-ն, փաստացի կատարելով ՀՀ արդարադատության նախարար Թովմասյանի վարորդի պարտականությունները, 2011-ի ապրիլի 22-ին աշխատանքի ընդունման դիմում է ներկայացրել ԴԱՀԿ ապահովող ծառայության պետ Միհրան Պողոսյանին:

Վերջինս, տեղեկացված լինելով, որ Ա. Հ.-ի փաստացի նախարարի վարորդն է, աշխատանքային պայմանագրեր է կնքել նրա հետ՝ 2011-2015 թթ․ նրան աշխատանքի նշանակելով նախ ԴԱՀԿ ապահովող ծառայության անվտանգության աշխատակցի, այնուհետև՝ նույն կառույցի տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի առաջին կարգի խորհրդատուի, ապա՝ Երևանի Շենգավիթ բաժնի հարկադիր կատարողի պաշտոններում` միաժամանակ նրան գործուղելով հարկադիր կատարման օպերատիվ բաժին:

Ա. Հ.-ն վերը նշված ժամանակահատվածում աշխատանքի չի հաճախել և առանց պարտականությունները կատարելու ՀՀ պետական բյուջեից աշխատավարձի և դրամական այլ բավարարման ձևով ստացել է իր անվամբ հաշվարկված և պետական կառույցի բյուջեից ելքագրված 5,712,550 դրամ գումար և այդ կերպ օժանդակել Միհրան Պողոսյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակությանը:

Առաջադրված մեղադրանքում Ա. Հ.-ն իրեն մեղավոր է ճանաչել, հատուցել է պետությանը պատճառված վնասի մի մասը և պատրաստակամություն հայտնել վնասը հատուցել ամբողջությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: