7 օգոստոսի 2020 - 14:53 AMT
Ադրբեջանի նավթային պետֆոնդի եկամուտները կրկնակի կրճատվել են

Ադրբեջանի պետական նավթային ֆոնդի՝ 2020-ի հունվար-հուլիս ամիսներին Ազերի-Չիրագ-Գյունեշլի բլոկի և Շահ Դենիզ հանքավայրի շահութաբեր նավթի և գազի վաճառքից ստացված հասույթը կրճատվել է։ Այն կազմել է 2 մլրդ 700,5 մլն դոլար, հայտնում է Interfax.az-ը։

2019-ի նույն ժամանակահատվածում հասույթը կազմել է 5 մլրդ 357 մլն դոլար։ Այսպիսով՝ մեկ տարվա տարբերությամբ եկամուտները նվազել են գրեթե 2 անգամ։

Ադրբեջանի պետական նավթային ֆոնդը հատուկ գումարային ֆոնդ է, որն օգտագործվում է պետբյուջեն ստաբիլիզացնելու համար պետական եկամուտների նվազման կամ երկարաժամկետ պետական կարիքների դեպքում: Հիմնականում կատարում է երկու ֆունկցիա. միջոցները կարող են օգտագործվել պետբյուջեի դեֆիցիտի (պակասորդ) ծածկման համար շուկայական անբարենպաստ պայմաններում և տնտեսության հոլանդական հիվանդության զարգացումը կանխելու համար:

Պետական նավթային ֆոնդի եկամուտները 2020-ին նվազել են կորոնավիրուսի հետևանքով նավթի գների ընկնելու պատճառով։ Նախատեսվում էր, որ նավթից 12․4 մլրդ մանաթի մուտք է լինելու բյուջե, այն ինչ ստացվել է 7․3 մլրդ մանաթ՝ մոտ 5 մլրդ-ով ավելի քիչ։

Կարդացեք նաև՝ Ադրբեջանը 2020-ի բյուջեում մտադիր է կրճատել պաշտպանական ծախսերը