7 օգոստոսի 2020 - 15:32 AMT
2700 օտարերկրացի գրանցվել է Վրաստանում ժամանակավոր ապրելու և հեռակա աշխատելու համար

Վրաստան մեկնելու և այնտեղից հեռակա աշխատելու ծրագրին մասնակցելու համար գրանցվել է արդեն 2700 օտարերկրացի։ Այս մասին հայտնում է Agenda.ge-ն։

Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նատիա Տուրնավան հայտնել է, որ հայտերն ինչպես Վրաստանի հարևան, այնպես էլ եվրոպական երկրներից են:

Հիմնականում ծրագրի թիրախը ֆրիլանս աշխատող և ինքնազբաղ օտարերկրացիներն են։

Անհատները պետք է տրամադրեն անձնական տվյալներ, աշխատանքային վկայագիր և երկշաբաթյա կարանտին անցնելու համաձայնություն։

Ներկայումս Վրաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում հաջողություն գրանցած երկրների շարքում է։

Օգոստոսի 7-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով է վարակվել 19,091,446 մարդ, մահացել՝ 714,767-ը, առողջացել՝ 11,550,232-ը։ Վրաստանում վարակվածների թիվը 1213 է, մահացածներինը՝ 17, ապաքինվածներինը՝ 994։