8 օգոստոսի 2020 - 14:29 AMT
ՀՀ-ում Covid-19-ի դեմ պայքարում ԱՄՆ ՄԶԳ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ գործակցության նոր փուլ կմեկնարկի

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՀՀ առողջապահության նախարարությունը մեկնարկում են համագործակցության նոր փուլ՝ ուղղված Covid-19 համավարակի հաղթահարմանը Հայաստանում: Ծրագիրը տևելու է մեկ տարի:

Նպատակն է կանխարգելել կորոնավիրուսի տարածումը Հայաստանում, աջակցել առողջապահության համակարգին անհրաժեշտ սարքավորումներով և պարագաներով, զինել բուժաշխատողներին անհրաժեշտ գիտելիքներով, իսկ ընտանիքներին տրամադրել վստահելի տեղեկատվություն։

Ծրագրի միջոցներով ՅՈՒՆԻՍԵՖ-ն արդեն իսկ գնել և առողջապահության նախարարությանն է տրամադրել Covid-19 համավարակի ախտորոշման 10,000 թեստ, թթվածնային 24 սարք և քթային 2000 խողովակ: Տեխնիկական այս բոլոր միջոցները, ըստ նպատակահարմարության և անհրաժեշտության, առողջապահության նախարարությունը տրամադրում է Covid-19-ով վարակված պացիենտներին սպասարկող բուժհաստատություններին։

Ծրագրի միջոցներով շուտով ՀՀ 5 մարզում (Լոռի, Շիրակ, Տավուշ, Արագածոտն, Գեղարքունիք), այնուհետև մնացած բոլոր մարզերում հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ սարքերով՝ 500 դիսպենսերով կապահովվեն առաջնային առողջապահական հաստատություններն ու ծննդատները: Դիսպենսեր սարքերը հարմար են ինչպես հեղուկ օճառի, այնպես էլ ալկոհոլային հիմքով ձեռքի քսուքների արդյունավետ օգտագործման համար:

Մայրաքաղաքի ու մարզերի հիվանդների արագ և արդյունավետ բուժօգնությունը կազմակերպելու համար նաև ձեռք են բերվելու հինգ թվային շարժական ռենտգեն համակարգեր, որոնց նշանակությունը խիստ կարևոր է համավարակի վերահսկման ու կանխարգելման գործում:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԱՀԿ-ի ուղեցույցերի հիման վրա արդեն իսկ տեղայնացվել ու մշակվել են տնայցերի, երեխայի խնամքի և առողջության, իմունականխարգելման և սնուցման թեմաներով վերապատրաստումների մոդուլներ, որոնք գործի են դրվել հուլիս ամսին և կընդգրկեն բոլոր մարզերի, ներառյալ Երևանի, մոտ երեք հազար բուժաշխատողների, այդ թվում՝ ընտանեկան բժիշկներ, մանկաբույժներ, բուժքույրեր: