5 մայիսի 2010 - 16:07 AMT
Թուրքիայում լույս է տեսել հայ-թուրքերեն բառարան

Թուրքիայում լույս է տեսել Հայ-թուրքերեն/թուրք-հայերեն բառարան: Բառարանը հրատարակվել է Թուրքիայի լեզվաբանական հասարակության կողմից (TDK), որի տնօրենը` պրոֆեսոր Շյուքրյու Հալուկ Ակալին, խոստովանում է, որ հայ լեզվաբանները, մասնավորապես, Հակոբ Մարտայանը, մեծ ներդրում են ունեցել թուրքերեն լեզվի կայացման գործում :

«Արդեն շուրջ 100 տարի է մեզ չէր հաջողվել լուրջ բառարան հրատարակել: Մենք հիմա սկսում ենք մեր համալսարաններում բացել հայագիտության ամբիոններ: Մեր պատմաբանների շարքում քիչ մարդիկ կան, ովքեր հայերեն գիտեն»,- ասել է պրոֆեսորը: Նա հատուկ նշեց, որ այս առումով թողարկված բառարանը պատմական նշանակություն ունի: Թուրք գիտնականը կարծում է, որ հայերն ակտիվ դեր են խաղացել Օսմանյան կայսրության հասարակական, մշակութային կյանքում:

«Պետք է նշել, որ թուրքերենի առաջին ստուգաբանական բառարաններից մեկի հեղինակը եղել է Պետրոս Կերեստեջյանը, իսկ հայ լեզվաբան Պետրոս Զեքի Կարապետյանը թուրքերեն լեզվի մի շարք բառարանների հեղինակ է: Հայկական դպրոցներում թուրքերեն դասավանդելու համար նա կազմել է ավելի քան 50 դասագիրք»,- պատմել է պրոֆեսորը: