23 մայիսի 2010 - 15:13 AMT
Աբխազիայի խորհրդարանի փոխխոսնակ. ԼՂՀ-ում ընտրությունները համապատասխանում են միջազգային չափանիշներին

«Այսօր ես եղել եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մի քանի ընտրատարածքներում, այցելել եմ տասնյակ ընտրատեղամասեր և կարող եմ նշել, որ ընտրություններն այստեղ շատ ակտիվ են ընթանում, կազմակերպված, միջազգային նորմերի շրջանակներում և առանց բողոքների»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է Աբխազիայի խորհրդարանի փոխխոսնակ Վյաչեսլավ Ցուգբան:

Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը ԼՂՀ-ից, Ցուգբայի խոսքով, բացի ինքնին ընտրություններից ԼՂՀ օրենսդրական դաշտը նույնպես համապատասխանում է միջազգային չափանիշներին: «Աբխազիան, Հարավային Օսեթիան, ԼՂՀ-ն ու Մերձդնեստրիան վաղուց արդեն ճանաչել են միմյանց անկախությունը և շատ սերտ համագործակցում են միմյանց հետ»,- ասել է Աբխազիայի խորհրդարանի փոխխոսնակը: Նա ավելացրել է նաև, որ ի սկզբանե ԼՂՀ-ն միջազգային ճանաչման ավելի շատ շանսեր ուներ, բայց այնպես ստացվեց, որ Աբխազիային ավելի վաղ ճանաչեցին, քան ԼՂՀ-ին: «Սակայն դա ոչ մի նշանակություն չունի, քանի որ Աբխազիան ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և երկու երկրների միջև համագործակցությունը բարձր մակարդակում է»,- ասել է նա: