27 դեկտեմբերի 2010 - 11:54 AMT
Հայ ընտանիքների համար ամանորյա սեղանը միջինը կարժենա մոտ 700 դոլար

Որևէ երկրում այդքան ծախսեր չեն կատարվում Ամանորին, ինչպես Հայաստանում: Երևանի խանութներում և շուկաներում եռուզեռը սկսվում է արդեն դեկտեմբերի 20-ից: Օրինակ, ռուսական ընտանիքն ամանորյա սեղանի մթերքների վրա ծախսում է երկու անգամ ավելի քիչ, քան հայկական ընտանիքը, ընդ որում, Ռուսաստանում միջին աշխատավարձը 2.5 անգամ ավելի մեծ է, քան Հայաստանում, իսկ մթերքների գները համարյա հավասար են:

PanARMENIAN.Net-ի կողմից անցկացրած հաշվարկների համաձայն, հայ ընտանիքներն ամանորյա տոների համար գնում են 246 հազար դրամ կամ 680 դոլար արժողությամբ մթերքներ: Այսպես, մսամթերքի վրա ծախսվում է 66 հազար դրամ, ընդ որում ընթացիկ տարում ամեն օր նկատելիորեն թանկանում է տավարի միսը, որը դեռ դեկտեմբերի կեսին արժեր 2.5-3 հազար դրամ, իսկ դեկտեմբերի 25-ից հետո` 3.2-3.7 հազար դրամ: Նախուտեստի համար ընտանեկան բյուջեից հատկացվում է միջինը 47 հազար դրամ: Ընդ որում ընթացիկ տարում Հայաստանի քաղաքացիները պանրի գների կտրուկ աճից հետո մտածում են` գնել տեղական պանիր, թե արտասահմանյան, քանի որ ներկրվող պանրի որոշ տեսակներ ավելի էժան են հայկականից:

Ընթացիկ տարում անբարենպաստ գյուղատնտեսական տարվա պատճառով զգալիորեն թանկացել են մրգերը: Օրինակ, եթե 1 կգ խնձորը 2009-ին արժեր 350-500 դրամ, ապա այս տարի այն արժի 1000-1400 դրամ: Բացի դրանից, զգալիորեն թանկացել է խաղողը` 300-350-ից 600-700 դրամ, և դա այն դեպքում, որ ընթացիկ տարում խաղողի բերքն ավելի մեծ էր, քան 2009-ին, իսկ մթերման գինն անցյալ տարվա համեմատ անփոփոխ է մնացել: Մրգերի և բանջարեղենի վրա ծախսվում է շուրջ 43 հազար դրամ: Քաղցրավենիքի և ընկուզեղենի վրա միջինը ծախսվում է շուրջ 45 հազար դրամ, խմիչքի վրա` 45 հազար դրամ: Ընդ որում, վիճակագրական տվյալների համաձայն, հայկական արտադրության հյութերը սկսել են «դուրս մղել» շուկայից ներկրվող հյութերը:

Նման ամանորյա եռուզեռից հետո Հայաստանի սպառողական շուկայում կտիրի անկում, իսկ ընտանեկան բյուջեում` փողի բացակայություն: Այդպիսին է մեր ազգը: Շնորհավոր Նոր տարի: