8 փետրվարի 2011 - 16:40 AMT
Հայաստանի ազգային արխիվում փաստաթղթերի թվայնացման նոր փուլ է մեկնարկում

2011թ. Հայաստանի ազգային արխիվը նոր սարքավորումներ ձեռք կբերի փաստաթղթերի թվայնացման համար: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, ժամանակակից տեխնիկան, որ ձեռք կբերվի Անգլիայում, Գերմանիայում կամ Ռուսաստանում, թույլ կտա ավարտել թղթե արխիվների թվայնացումն առաջիկ 10 տարում:

Այսօրվա դրությամբ ազգային արխիվում պահվում է շուրջ 350 մլն փաստաթուղթ: «2010թ. մենք ընդամենը 8 հազար փաստաթուղթ ենք թվայնացրել սովորական սքաներների միջոցով: Երբ մենք անհրաժեշտ տեխնիկա կունենանք, կկարողանանք թվայնացնել նույն քանակը 2 օրում»,-ասել է Վիրաբյանը: Ըստ նրա, տեխնիկայի ձեռք բերման համար անհրաժեշտ գումարը՝ 40 հազար դոլար, հատկացրել է ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը: Բացի այդ, 2010թ. թվայնացվել է 471 վավերագրական ֆիլմ, ևս 400-ը՝ 2009-ին: Մնացած 1129 փաստագրական ֆիլմերը կթվայնացվեն 2 տարվա ընթացքում:

2010թ. ընթացքում ՀԱԱ-ին մշտական պահպանման համար հանձնվել է 41 հազար 711 գործ և ևս 30 հազար գործ՝ 50 տարի ժամկետով պահպանման համար: Նախորդ տարի արխիվ է դիմել 25 հազար քաղաքացի, որոնցից 21 հազարը դրական պատասխան են ստացել, իսկ մնացած 4 հազարը՝ ստացել են անհրաժեշտ խորհրդատվություն: