22 մարտի 2011 - 17:50 AMT
Արևմուտքը մտադիր է Թուրքիայի տարածքում անկախ Քրդստան ստեղծել, գտնում է թուրք փորձագետը

Արևմուտքի ծրագրերի համաձայն Լիբիայից և Իրաքից հետո հաջորդ թիրախը լինելու է Թուրքիան: Այդ մասին հայտնել է թուրք վերլուծաբան Բյուլենթ Էսինօղլուն: «Թուրքերը չեն գիտակցում և չեն զգում այդ վտանգը, քանի որ ամերիկացիներն անում են ամեն հնարավորը, որպեսզի կոծկեն այն»,- գտնում է նա:

Նրա խոսքով, իմպերիալիստները նպատակ են հետապնդում անջատել Իրանի արևմտյան, Իրաքի հյուսիսային և Թուրքիայի հարավ-արևելյան հատվածները և այդ տարածքում անկախ Քրդստան ստեղծել:

«Քրդական և հայկական հարցերի լուծման գործընթացներում Թուրքիան թուլացրել է իր դիրքերը: Իսկ պատերազմն արդեն սարերի հետևում չէ: Թուրք ժողովուրդը պետք է սթափվի, խելք հավաքի և ճիշտ դասեր քաղի Լիբիայի վրա դաշնակիցների հարձակումից: Թուրքիան այժմ ամենից շատ մտավոր մոբիլիզացիայի, Արևմուտքի նպատակների մասին տեղեկատվության կարիք ունի»,- ընդգծել է Էսինօղլուն, հաղորդում է Ulusalkanal-ը: