12 ապրիլի 2011 - 16:41 AMT
Ստեփան Սաֆարյանը կոչ է անում դադարեցնել «Ժառանգության» և ՀԱԿ-ի միջև դիմակայությունը

«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը կոչ է անում դադարեցնել «Ժառանգության» և Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) միջև դիմակայությունը: Այդ մասին նա հայտնել է Երևանում կայացած մամլո ասուլիսում: «Այն, ինչ տեղի է ունենում, շատ վատ է, և կարծում եմ` երկու կողմերն էլ պետք է կանգ առնեն»,- նշել է նա:

Ստեփան Սաֆարյանն ավելացրել է, որ ընդդիմադիր ուժերի միջև կարող են նման իրադրություններ լինել, սակայն եթե դրանք երկարաձգվում են, դա բացասական բնույթ է կրում ինչպես ընդդիմադիր դաշտի, այնպես էլ ողջ հասարակության համար: Ընդ որում, Սաֆարյանը կասկած է հայտնել, որ ՀԱԿ-ը «Ժառանգության» հետ հակամարտության դադարեցման չի գնա: «Մեկը նրանցից, ով պետք է վերջակետ դնի, ՀԱԿ-ն է, սակայն վախենամ, թե Լևոն Տեր-Պետրոսյանի ապրիլի 8-ի ելույթից հետո դա տեղի չունենա»,- նկատել է նա: Սաֆարյանը նշել է, որ իր ելույթով ՀԱԿ-ի առաջնորդն իր վրա վերցրեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի վրա ՀԱԿ-ին սատարող լրատվամիջոցների հարձակումների պատասխանատվությունը: Նա ավելացրել է նաև, որ ՀԱԿ-ը ցանկանում է նոր կանոններ մտցնել քաղաքական խաղի մեջ, որով իշխանությունների հետ ՀԱԿ-ի երկխոսության ձախողման մեջ ցանկանում են մեղադրել այլ ընդդիմադիր ուժերին, ինչն անընդունելի է: