2 մայիսի 2011 - 14:24 AMT
Մեկ օրում iTetr Armenian Keyboard ծրագիրն արդեն բեռնել է 16 մարդ

Արդեն մեկ օր է, ինչ iTunes-ում թողարկվել է iTetr Armenian Keyboard ծրագիրը iPhone-ների, iPad-ների, iPod-ների համար։ Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեց Funcraft ընկերության խորհրդատու Նարեկ Մարգարյանը։

Նարեկ Մարգարյանը պատմեց, որ հայերեն լեզվի ստեղնաշար ստեղծելու գաղափարը ծնվել է 2010-ի դեկտեմբերին և արդեն մարտին թողարկվել է ծրագրի beta տարբերակը։

«2007-ից, ինչ ստեղծվել էին iPhone-ները, արդեն պահանջը զգացվում էր հայերեն ստեղնաշարի։ iTunes-ն ծրագիրն ընդունվեց երեկ։ Արդեն 16 մարդ բեռնել է ծրագիրը, որից 4-ը միայն iTunes-ի հայ օգտագործողներ են»,-ասաց Նարեկ Մարգարյանը։

iTetr Armenian Keyboard ծրագիրը կարելի է բեռնել iTunes-ից 1.99 ԱՄՆ դոլարով։ Նարեկ Մարգարյանի խոսքերով, 1.99 դոլարը, որը հավասար է մոտ 750 դրամի՝ նորմալ գին է ծրագրի համար. «Ի վերջո ծրագիրը ստեղծող Funcraft ընկերությունը բարեգործական չէ և ծրագրավորողները պետք է վարձատրվեն, սա նորմալ գին է՝ ընդամենը 2 պաղպաղակի գին»։

iTetr Armenian Keyboard ծրագիրը հնարավորություն է տալիս հայերեն գրել note-ի մեջ, ապա այն mail անել։ Ինչպես ասաց Նարեկ Մարգարյանը SMS գրելու կամ twitter-ում ու Facebook-ում գրելու խնդիր կա, որը կլուծվի ծրագրի հաջորդ թարմացումներում (update):

iTetr Armenian Keyboard ծրագիրը աշխատում է iOS օպերացիոն համակարգի բոլոր տարբերակների համար։ Այն Funcraft ընկերության ստեղծած 2-րդ ծրագիրն է Urinator ծրագրից հետո, որը հնարավորություն է տալիս միզապարկի խնդիրներ ունեցող մարդկանց համար հեշտ միզել՝ հնչեցնելով մեզի, ջրի ձայներ։

Ըստ Նարեկ Մարգարյանի, Funcruft-ի հաջորդ ծրագիրը լինելու է վրացական ստեղնաշարի ստեղծումը. «Վրացիներն էլ ունեն նույն խնդիրն, ինչ հայերը։ Շուտով մենք նաև վրացական ստեղնաշար կստեղծենք iPhone-ների, iPad-ների, iPod-ների համար»։

Funcraft ընկերությունը ամերիկյան սթարթափ (startup) ընկերություն է։ 3-ից 4 ամերիկահայեր աշխատում են միասին և ստեղծում ծրագրեր Apple-ի արտադրանքների համար։ Ըստ Նարեկ Մարգարյանի, Funcraft-ի թիրախը հայկական շուկան է, հետագայում ստեղծվելու են տարբեր ծրագրեր հենց հայ օգտագործողների համար։

«Մենք խրախուսում ենք Apple ընկերության արտադրանքների օգտագործումը՝ առանց ջարդելու, ի վերջո յուրաքանչյուր ծրագիր մի քանի դոլար է, ավելի լավ է լիցենզիոն օգտագործել, քան ջարդել», - ավելացրեց Նարեկ Մարգարյանը։