6 մայիսի 2011 - 11:36 AMT
ԿԱՐԾԻՔ
ՖՈՏՈՇԱՐՔ
Գնդապետ Պողոսյան. Բանակը չի կարելի պատկերացնել առանց երաժշտության

Այս նյութը պատրաստելու համար, ես այցելեցի Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող հայկական զորամաս, որտեղ Հայաստանի զինուժի հատուկ զինվորական նվագախումբը պատրաստվում էր այս օրերին Լիտվայի Հանրապետության նախագահի դիմավորման արարողությանը և Լիտվայի հիմնի փորձերն էին ընթանում:

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հատուկ զինվորական նվագախումբը հիմնվել է 1992 թ-ի նոյեմբերին, Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմանվագախմբային բաժնի պետ, գլխավոր զինվորական դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Պողոսյանի կողմից: «Նվագախմբի առաջին կազմում այն սակավաթիվ երաժիշտներն էին, ովքեր այդ դժվար տարիներին չէին լքել Հայաստանը: Նրանք այն մարդկանցից էին, ովքեր ցանկանում էին օգտակար լինել հայոց բանակին, քանի-որ առանց երաժշտության չի կարելի պակերացնել բանակը»,-ասում է Պողոսյանը: Առաջին կազմում ներառված էր 46 երաժիշտ, որոնցից մի քանիսը դեռ նվագում են նվագախմբում: «Այժմ կադրերի ընտրության հարցում ավելի ազատ ենք, բայց ավելի խիստ: Այն ժամանակ ընրության հնարավորությունը շատ սուղ էր: Հենց նվագախմբի առաջին կազմի շնորհիվ կայացավ այսօրվա նվագախումբը: Կազմում այսօր ներառված են ժամկետային և պայմանագրային զինծառայողներ»:

Այժմ նվագախումբն իր փորձերն անում և համատեղ ելույթ է ունենում Պատվո պահակային վաշտի հետ և բացի դրանից համագործակցում է ներքին զորքերի, քաղաքապետարանի նվագախմբերի հետ, էստրադային և դասական երգիչների, կոմպոզիտորների միության և անհատ կոմպոզիտորների, պատանի ստեղծագործողների և այլոց հետ: «Ոչ մեկին համագործակցության հարցում չենք մերժում, նույնիսկ եթե անհատ քաղաքացիններից ենք առաջարկ ստանում, քննարկում ենք անում, եթե հետաքրքիր առաջարկ է լինում, մենք համագործակցում ենք», հավելում է նվագախմբի ղեկավարը:

Նվագախմբի կազմն այսօր բաղկացած է բարձրակարգ երաժիշտներից, ովքեր անցնում են պարտադիր ունկնդրում: «Մեր առօրյան շատ հագեցված է, նվագախումբը քիչ ժամանակ ունի պատրաստվելու համար. սկսած գնդի արարողություններից և վերջացրած պետական արարողություններով տքնաջան աշխատանք է տարվում: Եթե ուրիշ նվագախմբեր երկու օրում մեկ ստեղծագործություն են պատրաստում, ապա մեր նվագախումբը երկու ստեղծագործություն է պատրաստում, դրա հետ մեկտեղ հատուկ շարանցում սովորում»:

Գնդապետը հաճույքով է պատմում նվագախմբի վերջին հաջողությունների ու ստացած մրցանակների մասին. «2008թ-ին Սանկտ Պետերբուրգում խումբը մասնակցել է Միջազգային զինվորական նվագախմբերի փառատոնին, իսկ 2010 թ-ին հաղթել է Շվեդիայի Էկշիո քաղաքում կայացած միջազգային զինվորական նվագախմբի փառատոնում, որտեղ զարմացրել է իր պատրաստվածության մակարդակով, կատարվող ստեղծագործությունների բարդությամբ և ամենակարևորը, միակ նվագախումբն էր, որն արտասահմանյան ունկնդրին ներկայացրել էր ազգայինը երաժշտություն»:

«Շվեդիայում մենք կատարել ենք Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը: Բոլոր մասնակիցները զարմացած էին: Հիացած էր հատկապես Անգլիայի նվագախումբը, որի ղեկավարը մեզնից ձայնագրություններ ցանկացավ»: Փառատոնի շրջանակներում Արմեն Պետրոսյանի գրած «Ադաջիո» ստեղծագործությունը հնչել է նույն քաղաքի եկեղեցում, որտեղ ներկա էր Շվեդիայի հայտնի դիրիժորներից մեկը, ով վերջում հեղինակից թույլտվություն է խնդրել, այդ ստեղծագործությունը իր նվագախմբի հետ կատարելու համար: «Մինչև Շվեդիայից եկանք Երևան, արդեն Youtube կայքում դրված էր մեր ելույթի տեսագրությունը: Դա մեզ համար բավական զարմանալի էր, քանի որ տեսագրությունը տեղադրել էր այլազգի մարդ: Մեր մտքով նույնիսկ չէր անցել, որ կարելի է այն տեղադրել համացանցում»: Փառատոնին մասնակցում էին Թուրքիայի, Անգլիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի և Գերմանիայի զինվորական նվագախմբերը: Այսօր նվագախումբը հրավերներ ունի Անգլիայից և Ֆինլանդիայից: «Նվագախումբը մասնակցում է գնդի բոլոր միջոցառումներին: Աշխատում ենք պահել ազգայինը, հոգևորը, կատարում ենք հայ կոմպոզիտորների աշխատանքներ: Մենք բոլոր ստեղծագործությունները կատարում ենք անգիր, առանց նոտաների, նույնիսկ օտարերկրյա հիմները»:

Այժմ նվագախումբը պատրաստվում է պետական տոնակատարություններին և հսկայական ծրագիր է պատրաստում Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ, որն ըստ Պողոսյանի, շատ պատասխանատու խնդիր է: «Ամեն անգամ մենք լավագույն կերպով ենք հանդես գալիս: Շատերը երևի չեն մտածում դրա մասին, բայց ցանկացած արտասահմանցի հյուր, ժամանելով Հայաստան, առաջինը լսում է մեր կատարմամբ իր երկրի հիմնը և դրանից է սկսվում կարծիքը երկրի մասին, դրա համար էլ պատասխանատվության զգացումը շատ մեծ է»:

Այսօր նվագախումբը ոչ մի խնդիր չունի և ստանում է մեծ աջակցություն ՀՀ պաշտպանության նախարարությունից: Այժմ նվագախմբում կան փայտափողային, պղանձափողային և հարվածային գործիքների երաժիշտներ: Սակայն նվագախմբի համարներում օգտագործվում են նաև հայկական ազգային նվագարաններ` դուդուկ, զուռնա և դհոլ, որոնք անպայման օգտագործվում են արտասահմանում հանդես գալիս: Նվագախմբի համար այժմ պատրաստվում են նոր` ազգային ոճի հագուստներ, որոնցով երաժիշտները հանդես կգան հատուկ միջոցառումների ժամանակ:

Վերջում նվագախմբի ղեկավարը հավելեց, որ այն, ինչին չի կարելի հասնել զենքի ուժով, կարելի է հասնել մշակույթով: Դա ազգի ամենամեծ ցուցանիշներից մեկն է, հատկապես լեզուն և երաժշտությունը:

ՖՈՏՈՇԱՐՔ