10 մայիսի 2011 - 16:21 AMT
Մայիսի 21-ին Ստեփանակերտում կկայանա Linux Install Fest-ը

Մայիսի 7-ին Երևանում, Գյումրիում և Վանաձորում միաժամանակ տեղի ունեցավ «Համակարգչի ազատագրում՝ GNU / Linux Install Fest» միջոցառումը։

Միջոցառման ընթացքում Ինստիգեյթ -ի մասնագետները բոլոր ցանկացողների համակարգիչներում տեղադրեցին Linux օպերացիոն համակարգը։

Նախաձեռնող «Ժառանգ» ՀԿ-ի հիմնադիր անդամ Կարեն Վրթանեսյանը տեղեկացրեց PanARMENIAN.Net-ի թղթակցին, որ Երևանյան Fest-ին ներկա եղան 40 մասնակից՝ թե՛ կամավորներ, թե՛ հետաքրքրվողներ։ Նրանցից 10-ի համակարգիչներում տեղադրվել է Linux օպերացիոն համակարգը։

«Հայաստանը լինելով ոչ հարուստ երկիր մեծ գումարներ է ծախսում փակ կոդով օպերացիոն համակարգեր և ծրագեր ձեռք բերելու վրա։ Մենք համարում ենք, որ դա ռացիոնալ չէ»,- ասաց Կարեն Վրթանեսյանը։

Միջոցառման ընթացքում ցանկացողներին տրվել են Linux պարունակող սկավառակներ, իրենց համակարգիչներում տեղադրելու համար։ Ինչպես ավելացրեց Կարեն Վրթանեսյանը, հնարավոր է, որ Linux Install Fest տեղի ունենա նաև BarCamp Yerevan 2011-ի շրջանակներում։

Գյումրիում և Վանաձորում նույնպես աշխույժ է անցել միջոցառումը։ Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեց «Ինստիգեյթ Ուսումնական Կենտրոն»-ի նախագահ Արման Պողոսյանը։

«Գյումրիում մասնակցեցին 23 հոգի, որոնցից 5-ի համակարգիչներում տեղադրվեց Linux, իսկ Վանաձորում մասնակցել են 38 հոգի, 7-ի համակարգիչներում տեղադրվել է Linux։ Մայիսի 21-ին Linux Install Fest-ը կկայանա նաև Ստեփանակերտում»,- ասաց Արման Պողոսյանը։

Ինչպես ավելացրեց Արման Պողոսյանը, կախված մասնակիցների արձագանքներից նման միջոցառումները հաճախակի կկազմակերպվեն՝ տարին 1 կամ 2 անգամ։

GNU / Linux Install Fest-ի նախաձեռնողներն են «Ժառանգ» մշակութային ՀԿ-ն և «Ինստիգեյթ Ուսումնական Կենտրոն» ՀԿ-ն, ինչպես նաև անհատ կամավորներ։