16 մայիսի 2011 - 15:19 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Գագիկ Մելիքյանն առաջարկում է ԱԺ-ում քննարկել «Եվրատեսիլին» ՀՀՀ կողմից մասնակցի ընտրության չափանիշները

Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ) պատգամավոր Գագիկ Մելիքյանը գտնում է, որ խորհրդարանում կարելի է քննարկել «Եվրատեսիլ» երգի մրցույթին Հայաստանի Հանրային Հեռուստատեսության կողմից կողմից հայաստանյան մասնակցի ընտրության չափանիշները, որպեսզի այսուհետ ձախողումները բացառվեն: Այդ մասին նա հայտնել է Երևանում կայացած մամլո ասուլիսում` պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին: «Ես գտնում եմ, որ այդ հարցին կարելի է անդրադառնալ»,- նկատել է նա: Մելիքյանը նշել է նաև, որ ծանր է ընդունել Հայաստանի անհաջողությունը մրցույթում:

Հայաստանում վերջին տարիներին լայնորեն քննարկվում է «Եվրատեսիլին» ՀՀՀ կողմից հայ մասնակցի ընտրության խնդիրը, և կարծիքներ են հնչում մրցույթին մասնակիցների և երգերի ընտրության ժամանակ անդրկուլիսային խաղերի և հեռուստաընկերության կողմնապահության մասին: Այդպես, այս տարի մրցույթի համար երգի ընտրությունը մեծ աղմուկ բարձրացրեց Հայաստանում, քանի որ «Եվրատեսիլ-2011»-ի որոշ երկրպագուներ գտնում էին, որ «Boom-Boom» երգը, որով հայ երգչուհի Էմմին պետք է ելույթ ունենար մրցույթում, անարդար ճանապարհով էր ընտրվել: Ինչպես ասվում է PanARMENIAN.Net ստացված հայտարարության մեջ, երգի ընտրության ժամանակ բացակայում էին ազնվությունն ու գործողությունների տրամաբանությունը, քանի որ երկրպագուների կարծիքով, բոլոր հայկական ինտերնետ-պորտալներում, արտասահմանյան կայքերում, սոցիալական ցանցերում 2011 թվականի հայաստանյան ազգային ընտրության ժամանակ լավագույն երգի քվեարկության առաջատարը «AYO» ստեղծագործությունն էր (երգի հեղինակ` Դեր Հովա – Հարութ Տեր-Հովակիմյան):

Մեծ սկանդալով ավարտվեցին նաև Հայաստանից անցյալ տարվա մասնակցի ընտրությունները, երբ երգչուհի Էմմիի մայր և պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանը հաղթող Եվա Ռիվասի թիմին մեղադրեց քվեարկության ժամանակ խարդախությունների մեջ: Սարգսյանը սպառնում էր դատի տալ ազգային ընտրության հաղթողներին, սակայն հետո հրաժարվեց այդ մտադրությունից: Ընդ որում, մեկնաբանելով լրատվամիջոցներում տեղ գտած լուրերն այն մասին, որ իր մտադրությունից հրաժարվելը պայմանավորված էր հաջորդ տարի` 2011 թվականին մրցույթին նրա դստերը` Էմմիին ուղարկելու վերաբերյալ ՀՀՀ խոստումով, Նադեժդան հայտարարեց, որ նման բան չկա, ինչպես նաև հայտնեց, որ Էմմին ինքը որոշել է այլևս երբեք չմասնակցել մրցույթի համար ազգային ընտրությանը:

Մայիսի 10-ին Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում «Եվրատեսիլ 2011»-ի առաջին կիսաեզրափակչում չորրորդ համարի ներքո ելույթ ունեցավ Հայաստանի ներկայացուցիչ Էմմին, որը հանդես եկավ «Boom-Boom» երգով (երաժշտությունը` Apricota խումբ, խոսքերը` Սոսի Խանիկյան, գործիքավորումը` Արա Թորոսյան), սակայն չանցավ մրցույթի եզրափակիչ: Մրցույթի հաղթող դարձավ ադրբեջանական Էլլա և Նիկկի դուետը (Ell/Nikki) «Running Scared» երգով:

Այն բանից հետո, երբ հայ մասնակիցը չանցավ եզրափակիչ, հայկական լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին այն մասին, որ Էմմին և 4 այլ երկրների ներկայացուցիչներ բողոք են ներկայացրել Եվրոպայի Հեռարձակողների միություն մրցույթի հեռարձակման հետ կապված տեխնիկական խնդիրների համար: «Եվրատեսիլ-2011»-ում հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը հերքեց այդ հաղորդագրությունները:

ՖՈՏՈՇԱՐՔ