20 հունիսի 2011 - 16:57 AMT
«Կոմերսանտ». System of a Down խումբը ամենուր ցույց է տալիս իր ազգայինը

«Կոմերսանտ» թերթը System of a Down խմբին համեմատում է The Beatles խմբի հետ: Ըստ թերթի լրագրող Բորիս Բարաբանովի, այս երկու խմբերը նման են իրար այնքանով, որ երկուսն էլ երբեք չեն վախեցել նորարարություններից: Այդ իսկ պատճառով Բարաբանովը պատահականություն չի համարում, որ միայն այս երկու ռոք խմբերն են Billboard-ի առաջին հորիզոնականում հայտնվել իրենց ալբոմների վաճառքի թվով: System of a Down-ը 7 տարիների ընթացքում կարողացել է վաճառել ավելի քան 20 մլն օրինակ սկավառակ:

Ըստ նրա, System of a Down-ի երգերից յուրաքանչյուրը կարծես կարված լինի գունավոր կտորների պատառիկներից, արագ «մետաղական» շարքերը համադրվում են օպերային արիաների հետ, դանդաղ ռեգիի նոտաներով և ազգային երանգներով, որով խումբը ցույց է տալիս իր կապը ազգայինի հետ: Լրագրողը նաև հայ եկեղեցական երգարվեստի ազդեցությունն է նկատում խմբի մեներգիչ Սերժ Թանգյանի կատարման մեջ: Խումբը երիտասարդ հայերի համար նույն զգացումն է առաջացնում, ինչը որ առաջացրել են իրենց ծնողների մոտ Շառլ Ազնավուրն ու Շերը:

Բարաբանովը խմբի վերամիավորման մեջ նույնպես ազգային երանգ է տեսնում: Ըստ նրա, Սերժ Թանգյանի նման հաջողություն ունեցող երգիչները դժվար թե ցանկանային վերամիավորվել, եթե չլիներ հայրենակիցների հետ միավորվելու փաստը: