27 հուլիսի 2011 - 12:41 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Լևոն Արոնյան. Բոլոր թիմային մրցաշարերում Հայաստանը պետք է պայքարի առաջին տեղի համար

Շախմատի աշխարհի թիմային առաջնության հաղթող Լևոն Արոնյանն ուրախ է, որ Հայաստանի հավաքականը կարողացավ համախմբվել ու նվաճել ոսկե մեդալները: «Արդեն մի քանի թիմայի մրցաշարերում մենք հաջողություն չէինք ունենում և նույնիսկ մի փոքր մտահոգված էինք՝ գուցե՞ էլ լավ չենք խաղում: Բոլոր տղաները հասկանում են, որ բոլոր թիմային մրցումներում Հայաստանի թիմը պետք է լինի առաջին տեղի համար պայքարող թիմերի կազմում: Եվ գիտեք, նախկինում, երբ մենք հաղթում էինք՝ Օլիմպիադայում, մյուս մրցաշարերում,մենք չէինք ուզում ոչինչ փոխել: Իսկ այս անգամ մենք որոշեցինք վերանայել բացարձակապես ամեն ինչ: Նույնիսկ հավաքի անցկացման վայրը փոխեցինք: Եվ, կարծես թե, ամեն ինչ լավ ստացվեց»,-ասել է Արոնյանը chess-news.ru-ին տված հարցազրույցում:

Հայ գրոսմայստերը նշել է, որ թիմային առաջնություններից սա թերևս ամենաուժեղն էր, թիմերը պայքարեցին մինչև վերջ, թույլեր չկային: «Որոշ հանդիպումներում, թեև մի փոքր դժվարությամբ, մեզ հաջողվեց շտկել իրավիճակը: Եվ հետագայում մենք փորձում էինք արդեն խուսափել դրանից: Եվ որոշ խաղեր իդեալական անցկացրեցինք»:

Արոնյանը խոստովանել է, որ հաղթանակից հետո նա մեկ շաբաթ կհանգստանա, և հետո կրկին կզբաղվի շախմատով: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ հուլիսի 26-ին դարձավ աշխարհի չեմպիոն: 9 տուրերում հայ շախմատիստները 5 հաղթանակ տարան և 4 ոչ ոքի գրանցեցին: Աշխարհի չեմպիոններ դարձան Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը:

ՖՈՏՈՇԱՐՔ