21 սեպտեմբերի 2011 - 13:42 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Վաղուց Երևանը նման փառահեղ զորահանդես չէր տեսել

Երևանում տեղի ունեցավ Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին նվիրված փառահեղ զորահանդես: Զորահանդեսից 1-2 ժամ առաջ իրավիճակը մետրոյում, որը սեփական ոտքերից բացի Հանրապետության հրապարակ հասնելու միակ միջոցն էր, ավելի շատ հիշեցնում էր Բաստիլի գրավումը: Եռագույն ժապավեններով, եռագույն դրոշներ ու օդապարիկներ կրող ամբոխը ուրախ դեմքերով գրոհում էր մետրոյի վագոնները:

Իսկ հրապարակում արդեն ժողովրդական հսկայական զանգվածներ էին հավաքվել՝ երիտասարդներ ու տարեցներ, ընտանիքներ փոքր երեխաների հետ: 3-4 տարեկան մանկիկները եռանդուն քայլում էին տեղում ռազմական քայլերգերի հնչյունների ներքո ու բացականչություններով դիմավորում անցնող տեխնիկան: Հրապարակում հավաքվածները առանձնակի խանդավառությամբ ընդունեցին երկնքում եռագույնը պատկերած Սու-25 կործանիչները և ռազմական տրանսպորտային Մի-24 և Մի-2 ուղղաթիռները: Հատկապես տպավորիչ էր ռազմական տեխնիկան՝ շքերիթին մասնակցեցին Էլբրուս 9Կ72 օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ ( ըստ ՆԱՏՕ-ի դասակարգման SS-1c Scud B), «Տոչկա Ու» 9Կ79 համալիրներ, Ս-300 զենիթահրթիռային համակարգեր, C-125 «Պեչորա», «Կրուգ», «Օսա» համալիրներ, «Տիգր» ԳԱԶ-2975 մարտական մեքենաներ, Տ-72 տանկեր, ինչպես նաև զրահամեքենաներ, հրետանային համակարգեր, հակատանկային «Կոնկուրս» և «Շտուրմ-C» հակատանկային հրթիառային համալիրներ:

Ինչպես և խոստացել էին կամակերպիչները, առաջին անգամ ցուցադրվեցին հայկական արտադրության «Կռունկ» անօդաչու սարքերը, որոնք իրենց տակտիկատեխնիկական պարամետրերով չեն զիջում արտասահմանյան նմանատիպ սարքերին:

Զորահանդեսին մասնակցեցին նաև Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, Մարշալ Խանֆերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի սաները, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները, ազատամարտիկները, հատուկ նշանակության զորքերի բրիգադը, ոստիկանության, սահմանապահ զորքերը, խաղաղապահների բրիգադը, ռազմական ոստիկանությունը, ԼՂՀ ՊԲ զինծառայողները: Հրապարակով անցավ նաև Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի շարասյունը, ինչպես նաև հոգևոր դասի ներկայացուցիչները: Զորահանդեսի հրամանատարն էր Գլխավոր շտաբի պետ, գեներլա-գնդապետ Յուրի Խաչատուրովը, իսկ շքերթն ընդունում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Զորահանդեսին հետևում էին ՀՀ նախագահ, ԶՈւ գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև կառավարության անդամներ ու պատգամավորներ, օտարերկրյա դիվանագետներ:

Զորահանդեսից ստացած տպավորությունը անհնար է արտահայտել բառերով, այն, անկասկած, հպարտության զգացում առաջացրեց և, հուսանք, նաև հայրենասիրական մղումենր արթնացրեց շատերի, նույնիսկ հոռետեսորեն տրամադրված մարդկանց մոտ, որոնք իրենց աչքով տեսան հայոց բանակի հզորությունը:

ՖՈՏՈՇԱՐՔ