23 դեկտեմբերի 2011 - 18:39 AMT
Հայաստանի նախագահը երախտագիտության նամակ է հղել Ֆրանսիայի ղեկավար Նիկոլա Սարկոզիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նամակ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիին՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ցեղասպանությունների ժխտումը դատապարտող օրինագծի ընդունման կապակցությամբ: Նախագահ Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել նախագահ Նիկոլա Սարկոզիին՝ ընդգծելով որ Ֆրանսիան վերստին ապացուցեց իր նվիրվածությունը համամարդկային արժեքներին: Նամակում մասնավորապես ասված է.

«Մեծարգո՛ պարոն Նախագահ, Հայաստանի Հանրապետություն կատարած Ձեր պատմական այցից և Երևանում՝ Ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ, ինչպես նաև Ֆրանսիայի հրապարակում արտասանած Ձեր վճռական խոսքերից ընդամենը երկուսուկես ամիս անց Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ցեղասպանությունների ժխտումը դատապարտող օրինագծի ընդունումը լավագույն վկայությունն է Ձեր անձնական հանձնառության, հայ-ֆրանսիական ամուր բարեկամությանը Ձեր հավատարմության, մեր տարածաշրջանում բաժանարար գծերի վերացմանն ու ժողովուրդների հաշտեցմանը Ձեր նվիրվածության»,-ասված է ՀՀ նախագահի նամակում: