12 մարտի 2004 - 22:03 AMT
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ԹՈՐԴԱ ԷԲԲՈԹ-ՈՒՈԹԻ ՀՀ-ՈՒՄ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՄՆԱԼՈՒ ՀԱՐՑԸ
Ցեղասպանությունների ճանաչման եւ դրանց կանխման միջազգային խումբը կոչ է արել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեկ Սթրոուին` վերանայել Տորդա Էբբոթ-Ուոթի Հայաստանում դեսպանի պաշտոնում մնալու նպատակահարմարության հարցը: Ինչպես հաղորդում է Եվրոպայի հայերի վեհաժողովը` Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ուղարկած նամակում Խմբի նախագահ Թեսսա Հոֆմանը ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ իր հրապարակային ելույթներում Թ.Էբբոթ-Ուոթը բազմիցս անգամ բացառել է 1,5 մլն հայերի ցեղասպանության փաստը: Հիշատակելով «զանգվածային սպանությունների» եւ «դաժանությունների» մասին, դեսպանը անտեսել է այն փաստը, որ զոհերի կեսը մահացել է անապատում` սովից, հոգնածությունից եւ համաճարակներից, ասվում է նամակում: Ընդսմին, նշվում է, որ Էբբոթ-Ուոթը կասկածի տակ է առնում հայոց ցեղասպանության համապատասխանումը ՄԱԿ-ի ցեղասպանության մասին կոնվենցիայի սահմանումներին: «Միգուցե նա չգիտի, որ այդ կոնվենցիայի հեղինակ Ռաֆայել Լեմկինը կազմել է այն հայերի եւ հրեաների առաջին ու երկրորդ համաշխարհային պատերազմներում ցեղասպանությունների հիման վրա: Ամենայն հավանականությամբ Էբբոթ-Ուոթը տեղյակ չէ նաեւ 1915 թվականի մայիսի 27-ին Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի կառավարությունների կողմից արված համատեղ հայտարարության մասին, որում նրանք կոչ են արել Օսմանյան կառավարությանը պատասխանատվության ենթարկել անձանց` հայ բնակչության նկատմամբ գործած հանցագործությունների համար, որոնք որակվել են որպես «մարդկության դեմ գործած հանցագործություններ», նշվում է նամակում: Նամակի հեղինակները ենթադրում են, որ Էբբոթ-Ուոթը ամենայն հավանականությամբ իրազեկ չէ ցեղասպանությունների ուսումնասիրություններին. հակառակ դեպքում նա կիմանար, որ ցեղասպանության ժխտումը համարվում է տվյալ հանցագործության անբաժանելի մաս: Դժբախտաբար, ժխտելով հայոց ցեղապանությունը, Մեծ Բրիտանիայի դեսպանը սրում է հայ ժողովրդի ցավը եւ դառնություն է պատճառում բոլոր նրանց, ովքեր ծանոթ են ցեղասպանության հերքման հետեւանքներին, նշվում է նամակում: «Հանդիսանալով միջազգային ոչ կառավարական կազմակերպություն, մենք կոչ ենք անում վերանայել հարցը` կարո՞ղ է արդյոք Էբբոթ-Ուոթը շարունակել իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում, որտեղ բնակչության կեսը ցեղասպանությունից փրկված մարդկանց ժառանգներն են, ընդ որում, որ նա նույնիսկ իրազեկ չէ պատմական իրողություններին եւ միջազգային հարաբերություններին, եւ մշտապես անիրավասու եւ վիրավորական հայտարարություններ է անում»,- ասվում է նամակի վերջում: