Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, ԵԱՀԿ Մինսկի խումբը Բաքվում հանդես է եկել «սենսացիոն հայտարարություններով»

PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Բաքվում մամլո ասուլիսի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանն եւ Ֆրանսիան ներկայացնող համանախագահներ Բերնար Ֆասյեն եւ Յուրի Մերզլյակովը հանդես են եկել իրապես սենսացիոն հայտարարություններով: Մասնավորապես, ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, Յու.Մերզլյակովը հայտարարել է, թե «մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս»: Իսկ Բերնար Ֆասյեն, ադրբեջանական մամուլի պնդմամբ, հայտարարել է. «Հարկավոր է որոշել, թե ինչն է անհրաժեշտ անել առաջին հերթին: Գտնում եմ, որ սկզբի համար ամենադյուրինը 7 շրջաններն ազատելն է եւ դրանից հետո անմիջականորեն Ղարաբաղի հետ կապված հարցերի քննարկմանն անցնելը: Առաջինը, բոլոր երկրները պետք է պահպանեն մեկ այլ պետության տարածքային ամբողջականությունը: Եվ երկրորդը, պետք է պահպանվի ինքնորոշման սկզբունքը: Եվ ամբողջ բարդությունը նրանում է, թե ինչպես արդարացիորեն միավորել եւ դիտարկել այդ սկզբունքները: Եթե ձեր երկրի (Ադրբեջանի` խմբ.) համար հնարավորություն կա վերադարձնել այդ յոթ շրջաններն, ապա արժե սկսել դրանից»:



Հատուկ նշենք, որ Երեւանում կայացած մամլո ասուլիսում միջնորդները նման հայտարարություններ չեն արել: Յուրի Մերզլյակովը, մասնավորապես, հայտարարել է, որ «եթե հիմնարար սկզբունքները հավանության արժանանան երկու նախագահների կողմից Սանքտ Պետերբուրգի հանդիպման ընթացքում, ապա այն ժամանակ կսկսվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջնական համաձայնության մշակմանն ուղղված աշխատանքը»: Ինչպես նախկինում բանակցությունների մանրամասները չեն հրապարակվել:



Իր հերթին Բերնար Ֆասյեն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչի մասնակցությունը բանակցային գործընթացին անհրաժեշտ է` հավելելով, որ «պատերազմը չի կարող ղարաբաղյան խնդրի լուծում համարվել, դա աքսիոմ է, ինչ էլ ասի ադրբեջանական կողմը»:



Մնում է միայն գուշակել, թե որքանով են ճշմարտախոս ադրբեջանական լրագրողները: Նշենք միայն, որ Բաքու ժամանելուն պես Յուրի Մերզլյակովը հրաժարվել էր պատասխանել ադրբեջանցի լրագրողների հարցերին:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---