EAFJD. Թուրքիայի գծով Եվրախորհրդարանի բանաձեւի հեղինակը կրկին խուսափում է կիրառել «Հայոց ցեղասպանություն» տերմինը

PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին Եվրախորհրդարանի արտաքին հարցերի կոմիտեն ընդունելու է Թուրքիայում «առաջընթացի» վերաբերյալ արդեն ավանդական զեկույցը, հաղորդում է Եվրոպայի հայերի դաշնությունը (EAFJD): Կոմիտեի անդամները կքննարկեն հոլանդացի խորհրդարանական Ռիա Օօմեն-Ռյույտենի բանաձեւի նախագիծը, ինչպես նաեւ փաստաթղթի 262 ուղղումները: Ռիա Օօմեն-Ռյույտենը նաեւ անցյալ տարվա բանաձեւի հեղինակն է: Ներկայիս փաստաթուղթն այդքան լակոնիկ չէ, ինչպես անցյալ տարվանը, որը բարի կամքի դրսեւորում էր Թուրքիայի նոր կառավարության հանդեպ, սակայն այնուամենայնիվ հեռու էր եվրոպացիների ակնկալիքներից, քանի որ բավականին մակերեսորեն է հիշատակում Թուրքիայի կողմից թույլ տրված լուրջ խախտումները:



Այդպես, «միջազգային հարաբերություններ» բաժնում, բանաձեւի նախագիծը կոչ է անում Թուրքիայի կառավարությանը հանել տնտեսական շրջափակումն ու բացել Հայաստանի հետ սահմանը, սակայն ձեռնպահ է մնում Թուրքիային դատապարտելուց: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ապա հեղինակը խուսափում է «Հայոց ցեղասպանություն» տերմինն օգտագործելուց եւ սահմանափակվում է «Թուրքիայի եւ Հայաստանի կառավարություններին ուղղված կոչով` սկսել ներկայի եւ անցյալի հարցերի համաձայնեցման գործընթացը եւ բաց բանավեճ վարել պատմական իրադարձությունների վերաբերյալ»:



«Այդ ձեւակերպումը միանշանակորեն թելադրված է Անկարայի կողմից: Ցեղասպանությունը չհիշատակել նշանակում է ժխտել այն»,-հայտարարել է EAFJD նախագահ Հիլդա Չոբոյանը: EAFJD-ն հիշեցնում է, որ Եվրախորհրդարանի դիրքորոշումը, հաստատված 1987 եւ 2005 թթ., նախատեսում է Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես նախապայման ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում: Մինչդեռ, Անկարան երբեք առաջընթաց չի գրանցել այդ հարցում, եւ ցանկացած թողտվություն Թուրքիան մեկնաբանում է որպես կանաչ լույս մերժողական քաղաքականությունը շարունակելու համար ինչպես Թուրքիայում, այնպես էլ Եվրոպայում: 262 ուղղումներից 6-ն անմիջական կապ ունեն Հայկական հարցի հետ, մասնավորապես, Հայոց ցեղասպանության խնդրի հետ:



Ինչ վերաբերում է Թուրքիայի ՔՕ 301 հոդվածին, որը սահմանափակում է խոսքի ազատությունը, ապա բանաձեւում կոչ է արվում միայն «բարեփոխել» եւ «ձեւափոխել» այն, այն դեպքում, երբ ողջ եվրոպական հանրությունը եւ իրավապահ մարմինները պահանջում են լիովին չեղյալ հայտարարել հոդվածը:



«Մենք գտնում ենք, որ նման գործողությունները, մասնավորապես, խնդիրների պարզ թվարկումը եւ դրանց քաղաքական գնահատական չտալը, նվազեցնում է Եվրախորհրդարանի դերը: Եվրահանձնաժողովից վատ գործելով` Եվրախորհրդարանը միանգամայն անօգուտ է դառնում ԵՄ-ի եւ նրա քաղաքացիների համար: Եվրոպացիներին հարկավոր է խորհրդարան, որը կկարողանա լինել Եվրոպայի խիղճը»,-հայտարարել է Հիլդա Չոբոյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---