Հայոց ցեղասպանությունը, Հաղթանակի օրը և գլոբալիզացիայի խնդիրներն ու դրանց արտացոլումը Հայաստանի մշակութային կյանքում

Ապրիլի 26-ից մայիսի 2-ը տեղի ունեցած մշակութային իրադարձությունների ամփոփում

Անցյալ շաբաթ մշակութային կյանքը դեռ գտնվում էր Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի ազդեցության տակ: Հայաստանի մշակույթի անվանի գործիչները խորհում էին այն հարցի շուրջ, թե կարող է արդյոք Ցեղասպանության թեմայի արտացոլումն արվեստում որոշակի դեր խաղալ նրա ճանաչման գործում: «Ես ինքս մի քանի գրական ստեղծագործություն եմ գրել Հայոց ցեղասպանության թեմայով: Եվ որքան էլ տանջվես, նրանք տեղից չեն շարժվելու, եթե շահերը չհամընկնեն: Աշխարհը դատապարտում է ուժի լեզուն, սակայն միայն այդ լեզուն է հասկանում »,- ասել է գրող-հրապարակախոս Պերճ Զեյթունցյանը: «Այսօր ուշ չէ առավելագույն կերպով Հայոց ցեղասպանության հարցում պահանջատիրական վերաբերմունք դրսևորելու համար: Այս ճանապարհին մեծ դեր կարող է խաղալ արվեստը, որի միջոցով կարելի է մտածողություն ձևավորել: Իսկ մենք, թվում է, մոռացել ենք արվեստի հզոր ուժի մասին»,- ասել է դերասան Սոս Սարգսյանը:

PanARMENIAN.Net - Բայց արդեն շաբաթվա կեսին այլ իրադարձություններ սկսեցին գրավել մարդկանց ուշադրությունը, որոնք հետևում են Հայաստանի մշակութային կյանքին: Ապրիլի 30-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ «XX դարի և համաշխարհային ժամանակակից դաշնամուրային երաժշտության համերգաշարը»: Համերգի կազմակերպիչներն են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը և ՀՀ մշակույթի նախարարությունը: Ստեղծագործությունները հնչել են Հայկ Մելիքյանի կատարմամբ

Իսկ երիտասարդ տաղանդները կարողացան իրենց ունակությունները դրսևորել Ավետ Գաբրիելյանի և Սարգիս Ասլամազյանի անվան պատանի ջութակահարների և թավջութակահարների 8-րդ հանրապետական մրցույթում, 23 կատարողներ Երևանից և Հայաստանի մարզերից երկու տարիքային կարգերում (մինչև 12 տարեկան և 14-16 տարեկան) ջանում էին դուր գալ ժյուրիին, որը գլխավորում էր Կոմտիասի անվան քառյակի առաջին ջութակ Էդուարդ Թադևոսյանը: Հաղթողները ստացել են արժեքավոր իրեր և դրամական պարգևներ:

Գեղանկարչության սիրահարներին ուրախացրեց ապրիլի 27-ին նկարիչ Հարություն Կալենցի 100-ամյակի կապակցությամբ բացված թանգարանը, որի բացումը նկարչի հոբելյանին նվիրված միջոցառումներից էր: Օգոստոսի 7-ին տեղի է ունենալու ցուցահանդես Հայաստանի Ազգային պատկերասրահում: Իսկ թանգարանը նկարչի որդի Սարո Կալենցի խոսքերով տարվա ընթացքում կներկայացնի Հարություն Կալենցի արվեստի տարբեր շրջանների աշխատանքները: «Երկհարկանի բնակարանում շատ հարմար է ներկայացնել նկարչի աշխատանքները: Թանգարանի ցուցադրությունը կազմված է Հարություն Կալենցի 400 աշխատանքներից: Առաջին հարկում այցելուները կարող են դիտել Հարություն Կալենցի, իսկ երկրորդ հարկում նրա կնոջ` Արմինե Կալենցի աշխատանքները»,- ասել է «Կալենց» մշակութային հիմնադրամի նախագահ, Հարություն Կալենցի թանգարանի տնօրեն Լարիսա Կատասանովան:

Գլոբալիզացիայի ժամանակակից խնդիրներն իր աշխատանքներում ներկայացրել է Ռուսաստանի Գրողների միության անդամ Լևոն Հովսեփյանը: Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն կստանան տեսնելու հրատարակիչ, խմբագիր Լևոն Հովսեփյանի ժամանակակից թեմաներով արված լուսանկարները, ժամանակակից գլոբալ խնդիրների դրսևորումները նրա աչքերով:

Եվս մեկ թեմա շրջանառության մեջ է մտել անցյալ շաբաթ: Դա կապված է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակի հետ: Մարտիրոս Սարյանի երևանյան տուն-թանգարանում մայիսի 3-ին բացվել է «Մարտիրոս Սարյանը Հայրենական մեծ պատերազմի տարիներին» խորագրով ցուցահանդեսը: Կազմակերպիչները ցուցահանդեսը նվիրել են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին:

Թանգարանների և գիշերային կյանքի բոլոր սիրահարների համար մեծ անակնկալ է սպասվում մայիսի 18-ին: Այդ օրը բազմաթիվ երկրների թանգարաններ բացում են դռները այցելուների առջև` հնարավորություն տալով անվճար մեկ գիշերվա ընթացքում մի քանի թանգարան այցելել: Նախաձեռնության նպատակը հասարակության ուշադրությունը դեպի թանգարանները հրավիրելն է և բարձր արվեստով երիտասարդներին հետաքրքրելը: Թանգարանների եվրոպական գիշեր – 2010 անցկացվում է Եվրոպայի խորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո: 1999թ. Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը հանդես է գալիս թանգարանները գարնանային որևէ կիրակի իրենց դռներն հասարակության առջև անվճար բացելու նախաձեռնությամբ: 2001 թվականից Ֆրանսիայի թանգարաններին միացան Եվրոպական մշակութային կոնվենցիան ստորագրած 39 երկրներ:

Մանե Ամիրջանյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---