Ոչ բոլորին հաջողվեց համտեսել աշխարհի ամենահամեղ փառատոնի բարիքները՝ հյուրերը չափազանց շատ էին

Կազմակերպիչները խոստանում են արդեն հաջորդ տարի շտկել բոլոր թյուրիմացությունները` կապված փառատոնի հետ

Խորովածի 2-րդ փառատոնը տեղի ունեցավ Լոռու մարզի Ախթալա քաղաքում կիրակի օրը: Այն նվիրված էր ևս երկու իրադարձությունների` 12-րդ դարի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերաօծմանը և աշխարհում երկրորդ ամուսնական մատանիների հուշարձանի տեղադրմանը:

PanARMENIAN.Net - Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերաօծման արարողությունը չկայացավ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հրահանգով: Արարողության օրը տեղափոխվեց արդեն երկրորդ անգամ, բայց չնայած այդ ամենին, եկեղեցին, նրա քահանա Վազգեն Ղազարյանի խոսքերով, արդեն 8 ամիս է, ինչ գործում է:

Մնացած միջոցառումները տեղի ունեցան նախօրոք մշակված պլանով: «Այս տարվա հունվարին մենք հաղորդել էինք այն մասին, որ պատրաստվում ենք Ախթալայում տեղադրել ամուսնական մատանիների աշխարհում առաջին հուշարձանը: Բայց մարտին մեզ հայտնի դարձավ, որ նման հուշարձան տեղադրվել է Կանադայում: Ճիշտ է, այդ քանդակը ֆուտուրիստական է, և իսկույն գլխի ընկնել, որ դրանք ամունսական մատանիներ են, բավական բարդ է: Մեր հուշարձանը քանդակագործ Համլետ Մատինյանի գործն է, և իրենից ներկայացնում է երկու միահյուսված ամուսնական բրոնզե մատանիներ: Նրանք այնպես են պատրաստված, որ միջին հասակի մարդը կարող է հանգիստ անցնել դրանց միջով»,- պատմել է Հայաստանի սոցիալական հարցերի կառավարման պետ Վազգեն Խաչիկյանը:

Մատանիների միացման կետում քանդակագործը դրել է նուռ` սիրո և պտղաբերության խորհրդանիշը Հայաստանում, իսկ մատանիների տակ պատկերել է կարիճ և օձ, որպեսզի դրանց վրայով անցնող մարդը կարողանա ոտնակոխ անել այդ կենդանիների կողմից մարմնավորվող բացասական երևույթները` չարությունը, նախանձը, ատելությունը: Ամուսնական մատանիների հուշարձանը մեծ հետաքրքրություն էր առաջացրել տեղի բնակչության և հյուրերի շրջանում: Մարդիկ հերթ էին կանգնում բաղձալի ծիսակարգը կատարելու համար: Դա վկայում է այն մասին, որ հետագայում ևս հուշարձանը մյուս տեսարժան վայրերի հետ միասին Ախթալա է բերելու զբոսաշրջիկների և դարձնելու է այն Հայաստանի զբոսաշրջային կենտրոնը:

Եկեղեցու բակում խորովածի հոտը տարածվելուն զուգընթաց օրվա ամենահամեղ իրադարձության շուրջ իրարանցումն ավելի էր աշխուժանում: Մարդիկ մեծ հետաքրքրությամբ հետևում էին Երևանի ռեստորանների տասնյակ խոհարարների աշխատանքին: Եկեղեցու բակում արտիստները զբաղեցնում էին հյուրերին ազգային երգ ու պարով: Բոլոր խոհարարներն առաջին հերթին ջանում էին գոհացնել ժյուրիի անդամներին, որոնք պետք է որոշեին հաղթողին: Ժյուրիի անդամներին հյուրասիրելուց հետո խորովածի տարբեր տեսակները պետք է բաժանվեին հյուրերին և փառատոնի մասնակիցներին:

Սակայն հյուրերը նախատեսվածից շատ էին, ուստի խոհարարները ուղղակի չգիտեին, թե ինչպես բաժանեն միսը, դրա հետ կապված առաջացան վեճեր և լեզվակռիվ: Բայց կազմակերպիչները խոստացան, որ հաջորդ տարի նման թյուրիմացություն չի կրկնվի:

«Բնական է, որ ժյուրին չէր կարող ուտել պատրաստված ողջ միսը, ուստի մենք հանձնարարեցինք խոհարարներին, որպեսզի նրանք որոշեն, թե ինչ անեն դրա հետ: Հավանաբար, լավ կլիներ բացել մեկ մեծ սեղան, որի վրա կցուցադրվեին խորովածի բոլոր տեսակները փառատոնի մասնակիցների համար: Բայց քանի որ այս փառատոնն արդեն երկրորդ անգամ համընկնում է այլ միջոցառումների հետ, մեզ չի հաջողվում ինչպես հարկն է նախապատրաստել այն: Սակայն, տարեցտարի տոնն ավելի լավն է դառնում, և հաջորդ տարի մենք ամեն ինչ մանրակրկիտ ձևով կնախապատրաստենք»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հայկական խոհանոցի պահպանման և զարգացման» ՀԿ-ի անդամ, խորովածի փառատոնի ժյուրիի անդամ Գրիշա Անտինյանը:

Նրա խոստումն ամրապնդվում է նաև Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում խորովածի փառատոնի նախապատրաստման համար հատուկ կազմակերպչական կոմիտեի ստեղծմամբ: Դա վկայում է այն մասին, որ խորովածի փառատոնն ավանդական կդառնա և այն մասին, որ դրանով արդեն կզբաղվեն պրոֆեսիոնալ մակարդակով և այդ փառատոնը կդարձնեն հայկական ապրանքանիշ, հուսով ենք` աշխարհահռչակ:

Ընդհանուր առմամբ, փառատոնը հաջողվեց և գրավեց շատ հյուրերի ուշադրությունը: Փառատոնի մի քանի անվանակարգերում հաղթողները ստացան շնորհավորանքներ և ծափահարություններ: Դիպլոմները նրանք կստանան Երևանում պարգևատրության ժամանակ:

Բեմը հավաքեցին, հյուրերը ցրվեցին, և Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակը դատարկվեց, մնացին միայն ցիրուցան եղած տոպրակները, շշերը և ամանները:

Սակայն Վազգեն Խաչիկյանը, որը ծնունդով Ախթալայից է, խոստացավ, որ այդ ողջ աղբը կհավաքվի եկեղեցու բակից. «Իհարկե, մենք ամեն ինչ կարգի կբերենք: Դուք չնկատեցի՞ք, թե ինչպես էինք մաքրել եկեղեցին բացումից առաջ: Մենք շատ թանկ ենք գնահատում այս հողը և այս վայրը»: Փառատոնի հաջորդ օրն արդեն եկեղեցու բակը մաքուր էր:

Մանե Ամիրջանյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---