Հուլիսի 4-ին Երեւանում տեղի է ունեցել դաշնակահար Հայկ Մելիքյանի համերգը

PanARMENIAN.Net - Հուլիսի 4-ին Երեւանում Արամ Խաչատուրյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել դաշնակահար Հայկ Մելիքյանի «Դեժա-վյու» համերգը, որ նվիրված էր XX դարի երաժշտությանը: Համերգում հնչեցին Կոմիտասի, Տիգրան Մանսուրյանի, Վահրամ Բաբայանի, Լեւոն Չաուշյանի, Յանիս Քսենյակիսի, Ադա Ջենթիլի, Սալվատորե Սցիարինոյի, Ալեքսանդր Մոսոլովի եւ Օլիվեր Մեսսիանի ստեղծագործությունները: Երիտասարդ երաժիշտն իր համերգն անվանել է «Դեժա-վյու» Լ.Չաուշյանի նոր ստեղծագործության պատվին, որի պրեմիերան կայացավ համերգի շրջանակներում:



«Ես շատ եմ սիրում 20 դարի երաժշտությունը, այդ պատճառով են իմ համերգները նվիրված հենց ժամանակակից երաժշտությանը: Համերգային ծրագրում ես ընդգրկել եմ Տ.Մանսուրյանի ստեղծագործությունները նրա 70-ամյակի պատվին: Տեղի ունեցավ նաեւ Սալվատորե Շարինոյի ու Յանիս Քսենակիսի ստեղծագործությունների երեւանյան պրեմիերան»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել Հայկ Մելիքյանը:



Նա հավելել է, որ ժամանակակից երաժշտության կատարումը պահանջում է որոշակի աշխարհայացք, փիլիսոփայություն, հոգեվիճակ, որն ենթադրում է ազատության զգացողություն: XX դարում ստեղծվել են ստեղծագործություններ, որոնք բարդ տեխնիկա են պահանջում կատարման համար:



29-ամյա Հայկ Մելիքյանը դաշնամուր է ուսանել Իրինա Գրիշինսկայաի մոտ, իսկ ավելի ուշ Ալեքսանդր Գուրգենովի դասարանում: Երաժշտական կոմպոզիցիա նա սովորել է Վարդան Աճեմյանի դասարանում` Երեւանի պետական կոնսերվատորիայում: Այսօր նա երեք սիմֆոնիկ եւ երգչախմբային ստեղծագործությունների, մի շարք վոկալ ստեղծագործությունների եւ դաշնամուրի համար վոկալ ծրագրի հեղինակ է:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---