«Արմինիան Թայմս» ամսագիրն այսուհետ կհրատարակվի նաև Հայաստանում

«Արմինիան Թայմս» ամսագիրն այսուհետ կհրատարակվի նաև Հայաստանում

PanARMENIAN.Net - Ապրիլի 5-ին Հայաստանի սփյուռքի նախարարությունում կայացավ Մոսկվայի ռուս-հայկական հասարակական-քաղաքական «Արմինիան Թայմս» («Armenian Times») ամսաթերթի Հայաստանում հրատարակվող տարբերակի շնորհանդեսը: Այսուհետ Մոսկվայում լույս տեսնող «Արմինիան Թայմս» ամսագիրը ՀՀ սփյուռքի նախարարության հետ համագործակցության արդյունքում կհրատարակվի նաև Հայաստանում:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ներկա էին Հայաստանի գրողների միության նախագահ Լ.Անանյանը, «Արմինիան Թայմս» ամսաթերթի գլխավոր խմբագիր Արթուր Խանումյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Ն.Մարտիրոսյանը, րոպեներ առաջ ավարտված ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի նիստին մասնակից անդամները, հասարակական և ստեղծագործական կազմակերպությունների ղեկավարներ և այլք:

Կարևորելով Հայաստանում ամսաթերթի հրատարակումը` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց նախարարության հիմնադրման օրվանից Սփյուռքում գործող հայկական զանգվածային լրատվամիջոցների հետ ակտիվ համագործակցության մասին: Հրանուշ Հակոբյանը խոստացավ բոլոր հնարավոր միջոցներով աջակցել «Արմինիան Թայմս» ամսաթերթին` ընդգծելով, որ նախարարության հետ սերտ համագործակցության արդյունքում ամսաթերթը լուսաբանում է Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքի հայկական համայնքներում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև անդրադառնում է Հայաստան-Սփյուռք գործակցությանն ուղղված ծրագրերին և ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությանը:

Ամսաթերթի գլխավոր խմբագիր Ա.Խանումյանի խոսքով հայերեն և ռուսերեն լույս տեսնող ամսաթերթը կհրապարակվի նաև անգլերեն, իսկ ապրիլի վերջին ամսաթերթը կունենա նաև էլեկտրոնային տարբերակ: Ա.Խանումյանը հավելեց, որ Մոսկվայում ամսաթերթը լույս է տեսնում հիսուն հազար տպաքանակով, իսկ Հայաստանում` դեռևս հազար, սակայն շուտով տպաքանակը կավելանա, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---