Իսլամը սպառնում է Ռուսաստանին  ինքնության կորստով

Իսլամը սպառնում է Ռուսաստանին ինքնության կորստով

Պետք է փաստել, որ Ռուսաստանը 50 տարի անց իսկապես կդառնա մահմեդական երկիր, ինչի մասին խոսել են դեռ ամերիկյան փորձագետները ԽՍՀՄ ժամանակ

Ռուսական ուղղափառ եկեղեցին (ՌՈՒԵ), դատելով ռուսական ԶԼՄ-ների հրապարակումներից, սրընթաց կորցնում է հասարակության մեջ տեղը՝ զիջելով այն իսլամին: Հնարավոր է, մամուլի հաղորդագրություններում կա չափազանցության տարր, սակայն փաստն ակնհայտ է. այն ժամանակ, երբ Եվրոպան շտապ աշխատում է հրաժարվել բազմամշակութայնությունից, Ռուսաստանում այն սկսում է ակտիվ ներմուծվել սոցիալական միջավայր:

PanARMENIAN.Net - Օրերս իսլամական փաստաբան և Դաշնության խորհրդի սոցիալական, քաղաքական և առողջապահության հարցերով հանձնաժողովի նախագահի օգնական Դագիր Հասանովը խոստացել է Մոսկվան արյամբ ողողել և այն վերածել մեռյալ լճի: «Մենք մեր տանն ենք: Հնարավոր է, այդ դուք եք այստեղ օտար, իսկ մենք մեր տանն ենք: Եթե ինչ-որ մեկը դեմ լինի շարիաթի դատարանների ստեղծմանը, մենք երկիրն արյամբ կողողենք, Մոսկվան կվերածենք մեռյալ լճի: Մենք կընդլայնենք այդ ցանցը մինչև արաբական խալիֆայության չափսերի: Բոլոր մահմեդականները պետք է միավորված լինեն: Կարծում եմ, որ Ռուսաստանը պետք է մեզ նման հնարավորություն տա»,- ասել է Հասանովն ապրիլի 24-ին ՌԵՆ հեռուստաալիքի եթերում:

Բոլոր այս սարսափները, իրավաբանի կարծիքով, մայրաքաղաքի վրա կթափվեն այն դեպքում, եթե ինչ-որ մեկը խանգարի մահմեդական համայնքին Մոսկվայում ներմուծել շարիաթի դատարաներ: Նրա խոսքով, մահմեդականները չեն ցանկանում խճճվել Ռուսաստանի «բազմաստիճան դատական համակարգի մեջ», որը նրանց խորթ է: Փաստորեն իր այդ հայտարարությամբ պրն Հասանովը դուրս է բերել ռուս մահմեդականներին ռուսական դատական համակարգի իրավասության տակից:

Մոսկվայում բնակվող ադրբեջանցի լրագրող Համիդ Համիդովի կարծիքով, ռեպորտաժի ետևում կանգնած է ՌՈՒԵ-ն, «որը վերջին ժամանակները հիստերիկորեն խոսում է եկեղեցուն ճնշելու և ի պատասխան համարյա խաչակրաց արշավանքի անհրաժեշտության մասին: Նա իբր միշտ աջակցել է մահմեդական հոգևորականությանը, բայց չեմ զարմանա, եթե պատրիարք Կիրիլը ցանկանում է ցույց տալ, որ Ռուսաստանում կա իրական չարիք (իսլամ) և կա բարիք (ուղղափառություն)»: Համիդովը շարիաթի դատարաններ ներմուծելու մասին առաջարկը կատարյալ զառանցանք է անվանում: «Մահմեդականները երբեք չեն աջակցի այդ գաղափարին: Դա ձեզ եմ ասում ես՝ մահմեդական, ադրբեջանցի: Առանձին արմատական խմբերը՝ այո, իսկ ՌԴ մահմեդականները՝ ոչ»: Կարելի՞ արդյոք նրան հավատալ: Իհարկե, ոչ: Ռուսաստանի վերածվելը մահմեդական երկրի հասարակության զարգացման լիովին հավանական սցենար է, որում իսկապես խառնվել են բարության, չարիքի և մեղքի հասկացողությունները: Այդ պատմության մեջ ամենահետաքրքրիրը Մոսկովյան պատրիարքության հասարակության և եկեղեցու փոխհարաբերությունների հարցերով սինոդական բաժնի նախագահ Վսևոլոդ Չապլինի հայտարարությունն է: ՌՈՒԵ մամլո քարտուղարին չեն զայրացել Մոսկվան արյամբ ողողելու մասին իսլամական գործչի խոստումները: «Պետք չէ սահմանափակել իսլամական համայնքիին իրենց կանոններով ապրելու հնարավորության մեջ»,- հայտարարել է Չապլինը: Այսինքն, եթե Մոսկվայում ինչ-որ մեկին հրապարական ճիպոտահարեն շարիաթի օրենքներին համապատասխան, ՌՈՒԵ-ն այդ արարքը չի դատապարտի:

Ճիշտ է, Ռուսաստանի մահմեդականների հոգևոր առաջնորդներն իսկույն հրաժարվել են շարիաթի դատարաններ ներմուծելու գաղափարից: «Սահմանադրության համաձայն, Ռուսաստանում կրոնն առանձին է պետությունից: Երկրում առկա է դատական համակարգ, որից օգվում են նաև մահմեդականները՝ որպես իրավահավասար քաղաքացիներ»,- հայտարարել է Ռուսաստանի Կենտրոնական հոգևոր վարչության ղեկավար Թալգատ Թաջուդդինը: «Յաբլոկո» կուսակցությունը նույնպես մտադիր է դիմել գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել Հասանովի դեմ ատելություն տարածելու և ծայրահեղական գործունեության հրապարակային կոչերի մասին հոդվածներով: ՌՈՒԵ-ն նույնպես հասկացել է, որ Չապլինն ինչ-որ բան այնպես չի ասել և Հասանովի սպառնալիքներն անթույլատրելի է համարել: Այնուամենայնիվ, պետք է փաստել, որ եթե նման հայտարարություններ կարելի է անել բավական հայտնի հեռուստաալիքի եթերում, ապա ռուսական պետության մեջ ամեն ինչ կարգին չէ: Ցանկացած այլ երկրում, որը հայտնի է իսլամի նկատմամբ հանդուրժողականությամբ, նման «փաստաբանին» իսկույն բանտ կնստեցնեին: Ճիշտ է, ԱՄՆ-ում և Եվրոպայի երկրներում նման միջոցներ սկսեցին կիրառել միայն 2001-ի սեպտեմբերի 11-ից հետո: Պետք է փաստել, որ Ռուսաստանը 50 տարի անց իսկապես կդառնա մահմեդական երկիր, ինչի մասին խոսել են դեռ ամերիկյան փորձագետները ԽՍՀՄ ժամանակ: Ժողովրդագրությունը մահմեդականների օգտին է գործում, և որքան էլ նոր հին նախագահը կոչ անի ավելացնել ծնելիությունը, առայժմ այդ խորհրդին հետևում են մահմեդականները, ինչը հղի է ռուս ժողովրդի ինքնության կորստով:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---