Խորհրդարանական ընտրությունները` քննություն նոր փոփոխությունների համար

Խորհրդարանական ընտրությունները` քննություն նոր փոփոխությունների համար

Կարո՞ղ է յուրաքանչյուր քաղաքացի լինել ընտրությունների դիտորդ:

Այս տարի Հայաստանն իր քաղաքացիներին կոչ է անում, իրական ժամանակում, արձանագրել ընտրակեղծիքները` օգտվելով ընտրության դիտարկման նոր առցանց iDitord ծրագրից:

PanARMENIAN.Net - Օգտվելով տեխնոլոգիական առաջխաղացումներից` iDitord-ը միտված է ներգրավել Հայաստանի բնակիչներին քաղաքացիական մասնակցության նոր մակարդակում` հնարավորություն տալով ընտրողներին առցանց կամ տեքստային հաղորդագրությունների միջոցով հայտնել ընտրակեղծիքների մասին:

Բջջային ծրագրերի ներառումն ու հեռախոսների և Թվիտերի հետ ինտեգրումը պետք է խրախուսեն տեխնիկայից գլուխ հանող ընտրողներին ներգրավվել ընտրական գործընթացում մի երկրում, որտեղ երեք քաղաքացիներից մեկն այժմ ցանցում է:

Ժողովրդավարական գործընթացը ամրապնդելու նպատակով ՀՀ կառավարության կողմից շարքային քաղաքացիների ջանքերի վրա հիմնված այսպիսի նորամուծությունների խթանումը ողջունելի է և կնշանակի հետագա առաջընթաց քվեատուփերի լցոնումից ու ձայների բացահայտ գնումից, ինչը որ անհանգստացնում էր 2003 և 2007 թվականների ընտրությունների ժամանակ:

Այս շաբաթ հարյուրավոր պատգամավորներ և ավելի քան 20 երկրներից ԵԱՀԿ այլ դիտորդներ կժամանեն Հայաստան` դիտարկելու քվեարկությունը: Մենք այստեղ ենք ականատես լինելու ավելի շատ գործընթացին, այլ ոչ թե արդյունքին և, վերջում, մենք կգնահատենք, թե արդյո՞ք այս ընտրությունները տեղի են ունենում 1990 թվականի Կոպենհագենի փաստաթղթով Հայաստանի ստանձնած ժողովրդավարական պարտավորությունների համաձայն:

Հայաստանն ընդունել է արդար ընտրությունների այս պարտավորությունները 1992թ. ԵԱՀԿ-ին միանալիս` հաստատելով Հայաստանի նվիրվածությունը ժողովրդավարությանը, փոքրամասնությունների իրավունքներին և օրենքի գերակայությանը: Նախորդ տարիներին այս պարտավորությունները լիովին չեն իրագործվել: Սակայն 2007թ. խորհրդարանական ընտրություններից առաջ և նախորդ տարի ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխությունները խոսում են այն մասին, որ ցանկություն կա բարելավելու իրավիճակը քաղած դասերի հիման վրա ու խթանելու ավելի ժողովրդավարական և թափանցիկ ընտրական համակարգ:

Ընտրվածների թվում, ինչպես նաև ընտրական հանձնաժողովներում կանանց տեղերն ավելացնելու ջանքերը ողջունելի փոփոխություններ են մի տարածաշրջանում, որտեղ գենդերային գծերը դեռևս շատ հաճախ թելադրում են, թե ովքեր են նստում իշխանության գլուխ:

Քարոզարշավի ֆինանսական նոր սահմանափակումները և ընտրական բոլոր վեճերի դատական ​​պաշտպանության ապահովումը լիահույս եմ, որ է'լ ավելի կբարձրացնեն քարոզարշավի միջավայրի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:

Իսկ նոր տեխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս ընտրողներին առցանց ստուգել իրենց գրանցումը, պետք է որ բարձրացնեն քաղաքացիների փորձը` Հայաստանը դարձնելով մոդել 21-րդ դարի ժողովրդավարությունների համար:

Քաղաքացիների ներգրավման այս քայլը Հայաստանի սփյուռքի համար նաև ընդգծում է կարևոր հանգամանք` ընտրական հրապարակայնություն և թափանցիկություն: Սակայն տեխնոլոգիական այս առաջխաղացումները անիմաստ են առանց Կառավարության պատշաճ հետևողականության: Առցանց հաղորդումների գործիքը արդյունավետ կլինի միայն այն դեպքում, եթե օրինական բողոքներին արագ ընթացք տրվի ընտրության անցկացման կամ դատական համակարգի իրավասու մարմինների կողմից:

Չնայած իր հարուստ պատմությանը` Հայաստանն այսօր կանգնած է շարունակական արտագաղթի առաջ, մասնավորապես, երիտասարդների և առավել լավ կրթություն ունեցողների կողմից: Երկիրն ունի մոտ ութ միլիոնանոց սփյուռք, որը տարածված է Եվրոպայով, Մերձավոր Արևելքով և Հյուսիսային Ամերիկայով ու ակտիվ դեր է խաղում ժողովրդավարական բարեփոխումների հարցում: Հաճախ ամուր կապերը Հայաստանի ու սփյուռքի միջև խթանել են ժողովրդավարական առաջխաղացում և շարունակում են մղել փոփոխությունների Հայաստանում: Հետևաբար, երբ հայաստանցիները կիրակի օրը գնան ընտրատեղամասեր խորհրդարանական ընտրությունների համար, ոչ միայն միջազգային դիտորդներն են հետևելու Հայաստանի առաջընթացին, այլ նաև նրանք, ովքեր չնայած իրենց գտնվելու աշխարհագրական վայրից, Հայաստանը համարում են իրենց տունը:

Տեսնելով այս ամենը, մայիսի 6-ի ընտրությունները, որոնք առաջինն են լինելու, որ անցկացվելու են նոր փոփոխված Ընտրական օրենսգրքի համաձայն, պետք է ժողովրդավարության ամուր հիմք ապահովեն:

Սակայն միայն օրենսդրության նոր բարեփոխումները և բարձր տեխնոլոգիաների հետ կապված փոփոխությունները ժողովրդավարական ընտրություններ չեն ապահովի, մարդիկ կապահովեն: Շահագրգիռ բոլոր կողմերը դերակատարություն ունեն այժմ, ընտրությունների օրը և դրանից հետո, որպեսզի նպաստեն իրական ժողովրդավարական ընտրությունների արդար անցկացմանը:

Հայերը նախկինում ցույց են տվել ժողովրդավարական պարտավորությունների համաձայն գործելու իրենց ներուժը: Հինգ տարի առաջ մենք համարել ենք, որ ընտրությունները հիմնականում համապատասխանել են ԵԱՀԿ պարտավորություններին: Հուսով ենք տեսնել է'լ ավելի լավ իրականացում այս տարի:

Ֆրանսուա Քսավյե դե Դոննեան Բելգիայի խորհրդարանի պատգամավոր է և Հայաստանում ԵԱՀԿ դիտորդական առաքելության հատուկ համակարգող:

Ֆրանսուա Քսավյե դե Դոննեա
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի

Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---