22 հունիսի 2012 - 21:09 AMT
ՀՈԴՎԱԾ
Ադրբեջանը որոշել է ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում ներգրավել Իսրայելին. Ո՞վ է հաջորդը
Իսրայելը ԵԱՀԿ անդամ չէ և միայն հենց այդ պատճառով չի կարող մասնակցել այս տարածաշրջանում որևէ հակամարտության լուծմանը
Հիասթափվելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից և Թուրքիայից` Բաքուն ի դեմս քաղաքագետ Ռասիմ Ագաևի հայտարարել է, որ «Ադրբեջանը պետք է մտածեր ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում Իսրայելին ներգրավելու մասին շատ ավելի վաղ, երբ ձևավորվում էր ԵԱՀԿ Մինսկի խումբը»: Այս մասին «Էխոյին» տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ Ռասիմ Ագաևը` մեկնաբանելով Կնեսսեթի «Կադիմա» կուսակցության պատգամավոր Ռոբերտ Տիվյաևի արտահայտությունները: Ըստ Ագաևի, Իսրայելի` ղարբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավվելը, կարող է լուրջ դրական հետևանքներ ունենալ:

Առաջարկն ինքնին արդեն իսկ աբսուրդային է և ոչ ճշմարտացիանման, եթե անգամ այն արվել է Կնեսսեթի պատգամավորի կողմից: Նշենք, որ Ռոբերտ Տիվյաևը, ով ծնունդով Դերբենդից է, գրեթե գոյություն չունեցող Իսրայել-Թուրքիա միջխորհրդարանական խմբի նախագահն է և նրա հայտարարություններն ու, առհասարակ, ադրբեջանական մամուլին տված հարցազրույցը ոչ այլ ինչ է, քան Բաքվին դրականորեն տրամադրելու ցանկություն: Այնուամենայնիվ, Բաքվի փորձագետները միանգամից կառչել են ղարաբաղյան հակամարտությունից հեռու գտնվող մարդու հայտարարություններից և սկսել հաշվարկել բոլոր առավելությունները: Թերություններ, նրանց կարծիքով, լինել չեն կարող. չէ՞ որ Իսրայելը համարվում է ԱՄՆ գլխավոր դաշնակիցը, Իրանի գլխավոր հակառակորդը, և ով, եթե ոչ Երուսաղեմը, կօգնի Ադրբեջանին «վերադարձել Ղարաբաղը»: Ավելին, Իսրայելը ըստ Բաքվի մի պետություն է, որը գիտի ինչպես կարգավորել հակամարտությունները: Տվյալ պարագայում ակնհայտ է մերձավորարևելյան իրադարձությունների չիմացությունը: Եթե Իսրայելը գիտի` ինչպես կարգավորել հակամարտությունները, ապա ինչու՞ արդեն 60-ից ավելի տարիներ չի հանգուցալուծում իսրայելա-արաբական հակամարտությունը: Սակայն, թվում է` Բաքվում այս հարցը չի արծարծվում, քանի որ պատասխանն ակնհայտ է: Ռոբերտ Տիվյաևի խոսքով, Իսրայելը կարող էր որպես միջնորդ հանդես գալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: «Հաշվի առնելով այն փաստը, որ մեր պետությունների միջև առկա են վստահության վրա հիմնված հարաբերություններ, Իսրայելը պետք է որպես միջնորդ հանդես գա Ադրբեջանի և Հայաստանի միջև»: Ռասիմ Ագաևի կարծիքով, Ադրբեջանը, հաշվի առնելով Իսրայելի հետ համագործակցության ընդլայնումը, դրական վերաբերմունք կցուցաբերի միջնորդական առաքելությունում Թել Ավիվի մասնակցությանը: Ընդ որում, նա չի բացառել այն, որ իսրայելցի պատգամավորի կողմից այս առաջարկը անելու հարցում միջամտել են ադրբեջանցի որոշ պաշտոնյաներ: Եթե իրերը իրենց անուններով կոչենք, ապա Տիվյաևը խնդրել է Ալիևի կլանին հող նախապատրաստել, ինչը և նա արել է` բացարձակապես առանց մտածելու, որ հանդես է գալիս որպես ադրբեջանական հետաքրքրությունների բացահայտ լոբբիստ: Այն, թե ինչ է խոստացվել նմանատիպ քայլերի դիմաց, մնում է միայն գուշակել, սակայն մի բան պարզ է, որ շատ բան է խոստացվել: Հարցն այն չէ, որ Ադրբեջանն Իսրայելում ուժեղ լոբբի ունի, դա նորմալ է. լոբբինգը քաղաքականության պարտադիր բաղադրիչ է: Սակայն սովորաբար ամեն ինչ արվում է ետնաբեմում և Ագաևի հայտարարությունները կարող են փչացնել իսրայելցի պատգամավորի իմիջը:

Սակայն շարունակենք: Բաքվում, չգիտես ինչու, կարծում են, որ Հայաստանի և Իսրայելի հարաբերությունները վատ են ոչ միայն Իրանի, այլ նաև «հրեաների հանդեպ հայերի ունեցած նախանձի» պատճառով: Այս պնդումը որևէ քննադատության չի դիմանա, սակայն Բաքվում վաղուց մոռացել են խելամտության մասին, հատկապես, եթե դա վերաբերում է հայերին: Ագաև. «Իսրայելի միջնորդության վերաբերյալ Հայաստանի վերաբերմունքը ոչ միանշանակ կլինի: Խաղաղ նախաձեռնությունը մերժել չի կարելի: Սակայն հայերը միշտ էլ նախանձով են վերաբերել Իսրայելին, և, առհասարակ, հրեաներին` նրանց հետ մրցակցելով պետական իշխանության վրա ռազմավարական ազդեցության հարցում: Հայաստանի համար ավելի ձեռնտու է գործ ունենալ Ֆրանսիայի հետ: Սակայն Իսրայելն առավելություններ ունի Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի նկատմամբ: Բացի այդ, Ռուսաստանը Հայաստանը դիտարկում է որպես ֆորպոստ: Ֆրանսիան հայերի համար երկրորդ հայրենիք է, այս մասին ադրբեջանցի քաղաքական գործիչներին ժամանակին հայտնել էր Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը: Մինչ այդ, ԱՄՆ-ն ղարաբաղյան հակամարտությունը դիտարկում է որպես մահակ, որի միջոցով կարելի է ճնշում գործադրել կողմերի վրա: Թել Ավիվը ուղղակիորեն չունի այնպիսի հետաքրքրություններ, որոնք ունեն վերոհիշյալ երկրները: Բացի այդ, Իսրայելի վրա հայերի ազդեցությունը սահմանափակ է: Հրեաները հայերի ձայներից վախենալու խնդիր չունեն: Եվ աշխարհում Իսրայելի ազդեցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում ներկայացված որևէ այլ երկրի ազդեցությունից պակաս չէ»:

Սկսենք նրանից, որ Իսրայելը ԵԱՀԿ անդամ չէ և հենց միայն այդ պատճառով չի կարող մասնակցել տարածաշրջանում որևէ հակամարտության կարգավորմանը: Իսրայելն ընդամենը ԵԱՀԿ գործընկերն է Միջերկրածովային համագործակցությունում: Երկրորդ և ոչ պակաս կարևոր` չի կարող իր երկրի տարածքում կոնֆլիկտային իրավիճակ ունեցող երկիրը լուծել մեկ այլ հակամարտություն: Եվ վերջապես, հենց Իսրայելը երբեք չի համաձայնի որպես միջնորդ հանդես գալ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ճիշտ է, «Երբեք մի ասա երբեք» կանոնը վերաբերում է կյանքի բոլոր իրավիճակներին, սակայն հիմա հրեական պետությունն ունի էլ ավելի կենսական խնդիրներ, քան ադրբեջանցի լոբբիստի կողմից ձեռնարկված կասկածելի նախաձեռնություններին ենթարկվելը: Դժվար թե այս ամենի մասին չեն մտածում Բաքվի քաղաքագետները: Սակայն… նախագահի կարգադրությունները պետք է կատարել, և նրանք էլ կատարում են, չնայած ակնհայտ անհեթեթությանը:

Եվ ի վերջո, դժվար թե Երուսաղեմը մոռացած լինի ՄԱԿ-ում Իլհամ Ալիևի խոսքերը, որ Ադրբեջանն աջակցում է Պաղեստինի անկախությանը: Միանգամայն հնարավոր է, որ սերտ ադրբեջանա-իսրայելական բարեկամությունը, որը առասպելի նման մի բան է, ջանասիրաբար շահարկվում է որպես Իրանի դեմ ուղղված պրոպագանդա:

Կարինե Տեր-Սահակյան