27 հուլիսի 2012 - 13:26 AMT
ՀՈԴՎԱԾ
ԼՂՀ ընտրությունները օրինակ են դարձել այլ չճանաչված հանրապետությունների համար
Արցախը պետք է ապացուցի ամբողջ աշխարհին, որ ընդունակ է զարգացնելու ժողովրդավարական ինստիտուտներ և կառուցելու իրավական պետություն, որ այս առումով Ադրբեջանից ավելի լավն է, ինչը և հաջողությամբ իրականացվում է
ԼՂՀ նախագահական ընտրություններն անցել են, ինչպես և սպասվում էր, բարձր մակարդակով, ինչն Արցախի համար սովորական երևույթ է: Միջազգային դիտորդները զարմանքով փաստել են խախտումների լիակատար բացակայություն: Սակայն միանգամայն հասկանալի է, որ կայացած ընտրությունները հանգիստ չեն տալիս Ադրբեջանին, Թուրքիային և Վրաստանին, որոնք առիթը բաց չեն թողել Հայաստանին մեղադրելու «պրովոկացիայի և ստստուս-քվոն պահպանելու ցանկության մեջ»:

Այն որ Թուրքիան ու Ադրբեջանը հանդես են եկել հերթական հայտարարությամբ, որը ըստ արժանվույն անտեսվեց Արցախի կողմից, նորություն չէ: Նորություն չէր նաև Վրաստանի ԱԳՆ հայտարարությունը, որը իր պարտքն է համարել ետ չմնալ իր տերերից, թեև հենց Վրաստանը պետք է լռեր: Սակայն հաշվի առնելով Միխայիլ Սահակաշվիլիի ոչ այնքան հակահայկական, որքան արևմտամետ ուղղվածությունը, Վրաստանը փորձեց անել այն, ինչ արդեն արել էին ԵՄ, ՆԱՏՕ և ԵԱՀԿ: Ճիշտ է, Թբիլիսին բավականաչափ խնդիրներ ունի, որպեսզի չճանաչի Արցախի ընտրությունները` Աբխազիան, Հարավային Օսեթիան, հենց Վրաստանի ներսում առկա դժգոհությունը: Այդ ամենին միացել է նաև Լիտվայի ԱԳՆ-ն, որի համար բացարձակապես միևնույն են ղարաբաղյան ընտրությունները: Երկրի արտաքին գերատեսչության հայտարարությունում ասվում է, որ Լիտվայի ԱԳՆ-ն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ոչ բավարար առաջընթացով, տարաբնույթ միջադեպերի և զոհերի քանակության ավելացմամբ: Լիտվան նաև կոչ է արել հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորել: Համառորեն հերքելով ԼՂՀ գոյությունը` Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը ընտրությունների անցկացման մեջ մեղադրում են Հայաստանին, թեև հենց վերջինս այս հարցի հետ բնավ կապ չունի: Պարզապես բռնատիրական ռեժիմները չեն կարող անգամ մտածել, որ փոքրիկ երկիրը կարող է ինքնուրույն լուծել իր խնդիրները:

Կրկին առանձնացել է Վաֆա Գուլուզադեն, հայտարարելով, որ « Արևմուտքի կողմից ինքնակոչ «ԼՂՀ» «նախագահական ընտրությունների» կոլեկտիվ քննադատությունը ցույց է տալիս այն, որ Արևմուտքը Բաքվին համարում է իր դաշնակիցը և աջակցությունը վերջինիս միայն ավելանալու է»: Միաժամանակ Գուլուզադեն մեղադրել է Ռուսաստանին նրա համար, որ վերջինս ԼՂՀ է ուղարկել դիտորդների ռեկորդային քանակություն: Պարտադիր են նաև Հեյդար Ալիևի և ամբողջ ադրբեջանական ագիտացիոն պրոպագանդայի նախկին խորհրդականի հայտարարությունները «աղքատ» Հայաստանի և «Ադրբեջանի տարածքային ամբողջականության առաջիկա վերականգնման մասին»: «Տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը զարգանում է մեր օգտնի և մենք իրական հնարավորություն ունենք լուծելու ղարաբաղյան խնդիրը: Արևմուտքի կողմից մեր դիրքորոշմանն աջակցելը խոսում է հենց այն մասին, որ մեր դիքերն աշխարհում ամրապնդվում են»,-ասել է նա: Երազանք հիշեցնող բառեր, որոնք փորձում են ցանկալին իրականության փոխարեն ներկայացնել: Ընտրությունները որևէ երկրում` միջազգային հանրության կողմից ճանաչված կամ ոչ, պետք են միայն ու միայն այդ երկրի բնակիչներին: Իսկ ընտրությունների ժամանակ դիտորդների ինստիտուտն անհրաժեշտ է նախ և առաջ նրա համար, որպեսզի հնարավորինս պահպանվի Ընտրական օրենսգիրքը: Դիտորդները չեն կարող և իրավունք էլ չունեն ազդել արդյունքների վրա, սակայն ընտրությունների վերաբերյալ նրանց եզրակացությունները կարող են օգնել ավելի լավ կազմակերպել ազատ ժողովրդավարական ընտրությունների գործընթացը:

Մինչ այդ ՀՀ խորհրդարանի պատգամավոր Արմեն Ռուստամյանի խոսքով, միջազգային դիտորդների ներկայությունը խոսում է այն մասին, որ միջազգային կառույցները շահագրգռված են Արցախում ազատ և ժողովրդավարական ընտրություններ անցկացնել: «Այն երկրները, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն ցանկանում ճանաչել Արցախի անկախությունը, վաղ թե ուշ անելու են դա և անգամ զղջալու են, որ ուշացել են: ԼՂՀ ընտրությունները օրինակ են ծառայում նաև այլ չճանաչված հանրապետությունների համար: Արցախի ժողովուրդը վստահորեն գնում է իր ճանապարհով և ոչինչ չի կարող ստիպել նրան շեղվել իր ուղուց»,-ընդգծել է Ռուստամյանը:

Ներկա գտնվելով 274 ընտրատեղամասերից գրեթե կեսում` համոզվեցնք, որ ընտրություններն իսկապես օրինակելի կերպով են անցկացվել: Անխուսափելի էին տեխնիկական վրիպումները, սակայն դրանք չեն ազդել քվերակության արդյունքների վրա: Ավելին, հարկ է նշել «սև փիարի» բացակայությունը և նախընտրական կաշառքների, ինչպես նաև վարչական ռեսուրսի ճնշման բացակայությունը: Նկատենք նաև, որ ընտրությունները Լեռնային Ղարաբաղում մշտապես տարբերվել են Հայաստանի ընտրություններից: Արցախը պետք է ապացուցի ամբողջ աշխարհին, որ ընդունակ է զարգացնելու ժողովրդավարական ինստիտուտներ և կառուցելու իրավական պետություն, որ այս առումով Ադրբեջանից ավելի լավն է, ինչը և հաջողությամբ իրականացվում է:

Ռուսական պատվիրակության անդամ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Բալբերովի խոսքով, ԼՂՀ նախագահական ընտրությունները շատ կարևոր են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում: Նա նաև հավելել է, որ բանակցային գործընթացում ԼՂՀ նախագահի բացակայության պարագայում, այն ձախողման ենթակա է: Իսկ Բաքվում, չգիտես ինչու, այլ կերպ են մտածում, սակայն դա արդեն նրանց խնդիրն է: Հարկ է նկատել, որ միջազգային կառույցների կողմից ԼՂՀ ընտրությունները չճանաչելու վերաբերյալ հայտարարությունների տոնը մի փոքր փոխվել է: Այժմ նրանք ասում են, որ ընտրությունները չպետք է խանգարեն բանակցային գործընթացին և ստատուս-քվոյի հաստատմանը: Շատ հնարավոր է, որ Արցախում հաջորդ ընտրությունների վերաբերյալ հայտարարությունները մոտավորապես այս կերպ հնչեն. « մենք նկատի ունենք չճանաչված Լեռնային Ղարաբաղում կայացած ընտրությունները»: Ամենայն հավանականությամբ, քիչ է մնացել սպասելու. 2013թ Ալիևի նախագահական ընտրություններն ու Բաքուն հազիվ թե արժանանան Արցախին տրված գնահատականների գոնե մի մասին:

Կարինե Տեր-Սահակյան