Եվրոպական Օլիմպիական խաղեր. նոր մրցաշա՞ր, թե անհաջող փորձարկում

Եվրոպական Օլիմպիական խաղեր. նոր մրցաշա՞ր, թե անհաջող փորձարկում

Հռոմում կայացած Եվրոպական Օլիմպիական կոմիտեների գլխավոր ասամբլեայի ժամանակ որոշվել է, որ 2015 թվականից անցկացվելու են Եվրոպական Օլիմպիական խաղեր:

Առաջինն այդ խաղերն անցկացելու հնարավորությունը ստացել է Բաքուն, որպես հայտ ներկայացրած միակ քաղաքը: Բաքուն «նոր Օլիմպիական խաղերի» մայրաքաղաք է ընտրվել փակ քվեարկությամբ, որի արդյունքում ստացել է 38 կողմ, 8 դեմ և երկու ձեռնպահ ձայն: Ասամբլեային ներկա են եղել նաև Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները, սակայն նրանք հրաժարվել են մասնակցել քվեարկությանը:

PanARMENIAN.Net - Նախապես նշվում էր, որ խաղերի ծրագրում ընդգրկված են լինելու 17 մարզաձևեր, որոնցից 15-ը` Օլիմպիական: 13 մարզաձևերի միջազգային ֆեդերացիաներն արդեն հաստատել են իրենց մասնակցությունը: Դրանք են` վոլեյբոլը, հանդբոլը, ձյուդոն, թաեկվանդոն, բադմինթոնը, բռնցքամարտը, հրաձգությունը, նետաձգությունը, թիավարությունը, սուսերամարտը, սեղանի թենիսը, եռամարտը և ռեքբի-7-ը: Ոչ Օլիմպիական մարզաձևերից ներառվել է կարատեն, հնարավոր է նաև, որ կլինեն սպորտային պարերը:

Բանակցություններ են տարվում նաև ըմբշամարտի, ատլետիկայի, լողի և մարմնամարզության ֆեդերացիաների հետ: Սակայն լողի և ատլետիկայի մասնակցությունը խաղերին հարցականի տակ է: Այդ մարզաձևերում ամենաշատ թվով մեդալներն են խաղարկվում Օլիմպիադաների ժամանակ ու դրանք ունեն բավականին հագեցած մրցաշարեր: Արդեն որոշված է, որ 2015 թվականի հուլիսին Կազանում կայանալու է ջրային ձևերի աշխարհի առաջնությունը, իսկ ատլետիկայի առաջնությունը` օգոստոսին Պեկինում:

Շատ հավանական է, որ շախմատն էլ ներառվի խաղերի ծրագրում, սակայն ՖԻԴԵ-ն դեռ վերջնական որոշում չի կայացրել: Եվրոպական խաղերում ընդգրկվելով` շախմատն ավելի կամրապնդիր իր դիրքերը և կներառվի նաև Օլիմպիական խաղերում: Եվրոպական Օլիմպիական խաղերի վերջնական ծրագիրը պարզ կդառնա 2014 թվականի մարտին:

Հայ մասնագետների կարծքիները.

Այս հարցի շուրջ PanARMENIAN.Net ի թղթակիցը զրուցեց նաև հայաստանյան մարզական կառույցների ղեկավարների հետ: ՀԱՕԿ-ի բաժնի պետ Գաբրիել Ղազարյանը կարծիքով, եթե խաղերը վարկանշային լինեն, մարզիկների գործը բավականին կհեշտանա: «Բնականաբար, շատ ավելի դյուրին կլինի վարկանիշներ ձեռք բերել, որովհետև չեն մասնակցելու այլ աշխարհամասերի ուժեղագույն մարզիկները: Սակայն, եթե դրանք վարկանշային չլինեն, մարզիկների խնդիրը կբարդանա»,- ասել է նա:

Ձյուդոյի միջազգային կարգի մրցավար, ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանն էլ ասաց, որ այդ խաղերը կարևոր են ոչ միայն ավելի փորձառու, այլև երիտասարդ մարզիկների համար:

«Իմ կարծիքով, այդ խաղերը պետք է կայանային կամ 2014 թվականին կամ էլ 2015-ին և պետք է մասնակցեին երիտասարդները: 2015 թվականը բոլոր մարզիկների համար էլ ծանրաբեռնված տարի է լինելու, այդ թվում նաև ձյուդոիստների համար: Այս հունվարից սկսվում են մեր մարզաձևի մրցաշարերը, և մարզիկները պետք է հավաքեն Օլիմպիական միավորներ 4 տարիների ընթացքում»,- ասաց Խիթարյանը:

Ստացվում է, որ եթե 2015-ի խաղերը վարկանշային չլինեն, ավելի փորձառու և տիտղոսակիր մարզիկները, որոնք պայքարելու են Ռիո դե Ժանեյրոյում 2016 թվականին հանդես գալու համար, չեն մասնակցի դրանց, իսկ առանց նրանց Օլիմպիադան մի տեսակ խամրած կլինի: Եվրոպական Օլիմպիական խաղերը երիտասարդ մարզիկների համար էլ չեն նախատեսված, քանի որ նրանք ունեն Համաշխարհային ուսանողական խաղեր և 2015-ին կորեական Քվանջու քաղաքում ելույթ են ունենալու: Եվ անհասկանալի է դառնում, թե ում համար են եվրոպական խաղերն առհասարակ անցկացվելու:

2019 թվականից Եվրոպական խաղերը վարկանշային են լինելու.

Ասամբլեայի ժամանակ ԵՕԿ նախագահ Պատրիկ Հիկին նշել է, որ սկսած 2019 թվականից Եվրոպական խաղերը վարկանշային են լինելու 2020-ի Օլիմպիադայի համար: Նա նաև հաստատել է, որ այս խաղերն արդեն ունեն հովանավորներ և նրանք հետաքրքրված են նոր սպորտային միջոցառմամբ:

«Կարծում եմ, որ ուժեղագույն մարզիկները կմասնակցեն այս խաղերին, և մենք դրա հետ կապված խնդիրներ չենք ունենա: Եվրոպայում այդ խաղերն առաջինն են լինելու, մինչդեռ այլ աշխարհամասերում նման խաղեր վաղուց են անցկացվում: Ահա, թե ինչու մարզիկները մեծ խանդավառությամբ հանդես կգան Բաքվում, կերազեն չեմպիոն դառնալ և իրենց անունները գրել սպորտի պատմության մեջ: Թոփ մարզիկները կցանկանան նման ավար ունենալ»,- այսպիսի համոզմունք է հայտնել նա:

Առաջին խաղերը փորձնական են լինելու, և դեռ հայտնի չէ այդ փորձարկումն ինչպես կազդի մարզիկների վրա: Հնարավոր է, որ նրանք Հիքի պես խանդավառված չեն խաղերով և չորս տարվա մեջ մեկ Օլիմպիական խաղերը լիովին բավական են նրանց համար: Իհարկե, գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր Օլիմպիական խաղերի ավարտից հետո մարզիկները սկսում են արդեն պատրաստվել հաջորդ խաղերին` հստակ իմանալով իրենց մրցաշարերի ժամանակացույցը: Փաստորեն այս Օլիմպիական ցիկլի եվրոպացի մարզիկների խնդիրներն ավելի են բարդանալու, քանի որ նրանք, պետք է իրենց մրցութային գրաֆիկում որոշակի փոփոխություններ կատարեն: Բայց հնարավոր է նաև, որ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերի վարկանիշներ մարզիկները ձեռք բերեն նոր ձևաչափով` ազատվելով վարկանշային մրցաշերից: 2015-ի խաղերի հետ կապված քննարկումները դեռ շարունակվում են, և դեռ հստակ ոչինչ հայտնի չէ:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Աշխարհի գավաթի եզրափակչում է

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Աշխարհի գավաթի եզրափակչում է Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---