Մարզական 2012-ի ուրախ, սպասված և տխուր պահերն ըստ PanARMENIAN.Net-ի

Մարզական 2012-ի ուրախ, սպասված և տխուր պահերն ըստ PanARMENIAN.Net-ի

2012 թվականը հարուստ էր մարզական իրադարձություններով, ձեռքբերումներով ու հիասթափություններով: Այս տարի ևս PanARMENIAN.Net-ն անդրադարձավ հայ մարզիկների բոլոր ելույթներին, զրուցեց նրանցից շատերի հետ, ուրախացավ և տխրեց նրանց հետ միասին:

Չնայած, որ միջոցառումներ շատ էին տեղի ունեցել, բայց մենք կազմել ենք կարևորությամբ աչքի ընկած իրադարձությունները և ներկայացնում ենք 2012-ի հայաստանյան ամփոփ մարզական տարին:

PanARMENIAN.Net - Սպասված. Օլիմպիական խաղեր

Ցանկացած մարզիկ իր կարիերայի առաջին օրվանից ձգտում է դեպի Օլիմպիական խաղեր: 2012 թվականին շատերն էին սպասում. Լոնդոնում պետք է մեկնարկեին 30-րդ ամառային Օլիմպիական խաղերը:

2008 թվականից հետո կայացած տարբեր վարկանշային մրցաշարերից հետո Հայաստանի Օլիմպիական հավաքականը մրցավայր մեկնեց 24 հոգով:

Սպասումները մեծ էին, ողջ հայությունն էր սպասում մերոնց ելույթներին: Կարևոր են Օլիմպիական խաղերը, ու նաև պետք է աջակցել մեր մարզիկներին, քաջալերել ու ուրախանալ նրանց արձանագրած ցանկացած հաջողությունով:

Իսկ առաջին մեդալը մեր թիմին ապահովեց ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը` դառնալով անկախ Հայաստանի առաջին մարզուհին, ում հաջողվեց Օլիմպիական խաղերում մեդալակիր դառնալ:

Նույն օրը, ընդամենը մի քանի րոպե անց մենք բոլորս կրկին ցնծում էինք. մեդալն ավելի ազնիվ մետաղից էր: Օլիմպիական արծաթե մեդալ նվաճեց հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը: Արծաթե մեդալ Հայաստանին չէր հաջողվել նվաճել երեք Օլիմպիադաներ շարունակ:

Հաջորդ բրոնզե մեդալը կրկին ապահովեցին ըմբիշները: Այս անգամ հաջողության հասավ հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանը: Այս երիտասարդ մարզիկը տարեսկզբին դարձել էր նաև Եվրոպայի չեմպիոն, ու մասնագետները նրանից սպասում էին ոսկե մեդալ: Սակայն Ալեքսանյանը կանգնեց պատվոհարթակի երրորդ աստիճանին` Հայաստանի համար նվաճելով երրորդ` վերջին, մեդալը:

Համոզված ենք, որ բոլորն էլ ավելի լավ արդյունք էին անկնկալում, սակայն սրանք Օլիմպիական խաղեր են, որտեղ ոչինչ հնարավոր չէ կանխատեսել: Իսկ Լոնդոնում թիմային հաշվարկով Հայաստանը 205 երկրների մեջ զբաղեցրեց ոչ այդքան վատ 60-րդ հորիզոնականը:

Ուրախ. Շախմատի Համաշխարհային Օլիմպիադա

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը 3-րդ անգամ Համաշխարհային Օլիմպիադայից վերադարձավ ոսկե մեդալներով: Այս անգամ աշխարհի ուժեղագույն շախմատիստների կոչումը նվաճվեց թուրքական Ստամբուլ քաղաքում: Իհարկե, մեր հավաքականը վաղուց է մեզ «երես տվել» իր հաղթանակներով, բայց միայն այն միտքը, որ 155 թիմերի պայքարում հենց մեր շախմատիստներն են չեմպիոնի կոչումը նվաճել, իրար էին խառնվում անսահման հպարտությունն ու ուրախությունը, և մարդիկ իրար բարևելու փոխարեն պարզապես «շնորհավոոոոոոոոր» էին ասում:

Մեր շախմատային հաջողությունը կարելի է թերևս համեմատել Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի ձեռքբերման հետ. 6 տարում Համաշխարհային Օլիմպիադայի 3 ոսկե և աշխարհի թիմային առաջնության չեմպիոնական մեդալներ…

Օլիմպիադայի 11 տուրերի ընթացքում մերոնք հաղթել են Բոլիվիայի, Բանգլադեշի, Իսպանիայի, Ֆիլիպինների, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Գերմանիայի, Հոլանդիայի և Հունգարիայի հավաքականներին: Մեկ անգամ ոչ ոքի խաղացել ռուսների հետ, և կրել միայն մեկ պարտություն` Չինաստանից:

«Ոսկե հավաքականի» անկրկնելի շախմատիստներ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և Տիգրան Պետրոսյանը աշխարհի լավագույն մարզիչ Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ հերթական անգամ արեցին անհնարինը: Օլիմպիադայում երրորդ հաղթանակը հայ ժողովուրդն ընդունեց ոչ պակաս ոգևորված ու խանդավառ, քան 2006 թվականի թուրինյան ոսկին, քանի որ նրանք արդեն գիտեին հաղթանակի համն ու դրան հասնելու դժվարին ուղին: Ոչ այդքան շատ ոլորտներ կան, որտեղ Հայաստանը հպարտությամբ կարող է ԱՌԱՋԻՆԸ լինել, բայց հայ շախմատիստները մեզ շարունակում են ապացուցել, որ նվիրված աշխատանքի, թիմային խաղի և անմնացորդ նվիրվածության շնորհիվ անհնար է աշխարհում առաջատար չլինել:

Լավ աշխատանք. Երևանյան բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնություն

Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ը Երևանում իսկական բռնցքամարտի տոն էր. Հայաստանն ընդունել էր բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Մեր երկրի մայրաքաղաքը հյուրընկալել էր 68 երկրի ավելի քան 700 բռնցքամարտիկների: Ի դեպ, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան կազմակերպել էր նաև 2009 թվականի աշխարհի պատանիների առաջնությունը: Իսկապես, մեծ պատիվ է ընդունել նման մեծ մասշտաբի միջոցառում ու կազմակերպել բարձր մակարդակով:

Իսկ լավ կազմակերպելու փաստը նշեց նաև ԱԻԲԱ-ի նախագահ Չինգ Կու Վուն: Ըստ Վուի, կարճ ժամանակահատվածում Հայաստանը կարողացել է շատ լավ կազմակերպել այդ միջոցառումը, ինչը հնարավորություն է տալիս Հայաստանին ընդունել նաև այլ առաջնություններ:

Այնպես որ, չի բացառվում, որ առաջիկայում մեր երկիրը կրկին ականատես կլինի բռնցքամարտի գեղեցիկ ու դինամիկ մենամարտերի:

Իսկ երևանյան առաջնությունում, հայ բռնցքամարտիկներից երկուսին հաջողվեց մեդալ նվաճել: Աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր դարձավ Նիկոլայ Հարությունովը, իսկ բրոնզե մեդալի տիրացավ Նարեկ Մելքոնյանը:

Հիասթափություն. Ֆուտբոլի ազգային հավաքական

Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում հաջող ելույթից և ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում իր համար ամենաբարձր`41-րդ, տեղում հայտնվելուց հետո երկրպագուները սկսեցին հավատալ հայկական ֆուտբոլի վերելքին: Բայց 2012-ը ստացվեց սպասվածից ավելի վատ:

Շատերը, այդ թվում նաև ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, հավատում էին , որ 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երկու արտագնա խաղերում Բուլղարիայի և Մալթայի դեմ մեր ընտրանին վաստակելու է 6 միավոր: Իրականում, Վարդան Մինասյանի սաները կարող էին նման արդյունք գրանցել, սակայն միշտ չէ, որ հաջողվում է պլանավորածն իրականացնել: Իտալիայի հետ խաղում էլ հաղթելու ցանկությունը չափազանց մեծ էր, բայց Եվրոպայի փոխչեմպիոններին մարտահրավեր նետելն այդքան էլ հեշտ չէր:

Հայաստանի հավաքականը տարին եզրափակելու է իր խմբում զբաղեցնելով 4-րդ տեղը` վաստակած ընդամենը 3 միավորով և ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի 75-րդ հորիզոնականում:

Հուսանք, որ 2013-ին ֆուտբոլիստները կկարողանան կրկին վերգտնել իրենց խաղն ու ընտրական մրցաշարն ավարտել հնարավորինս հաջող:

Նոր սպասումներով

Ավարտվում է նաև 2012 թվականը, որը որոշ մարզիկների համար լավ դասավորվեց, որոշների մոտ էլ` ոչ այդքան: Այս ողջ տարվա ընթացքում (և ոչ միայն այս տարվա) PanARMENIAN.Net ը միշտ եղել է մեր մարզիկների կողքին, իր նյութերի միջոցով փորձել է սատարել ու քաջալերել նրանց:

2013 թվականին մեկնարկում է Օլիմպիական նոր ցիկլը, ու այս տարվանից սկսած, բոլոր մարզիկները նախապատրաստվելու են արդեն հաջորդ Օլիմիադային: Իսկ մինչ այդ, կկայանան Եվրոպայի ու աշխարհի առաջնություններ, միջազգային մրցաշարեր: Այս ամենին մասնակցելու են նաև հայ մարզիկները, ու PanARMENIAN.Net ը նրանց ի սրտե մաղթում է շատ հաղթանակներ, վնասվածքներից հեռու տարի ու անսահման մեծ երջանկություն:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Աշխարհի գավաթի եզրափակչում է

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Աշխարհի գավաթի եզրափակչում է Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---