Հայաստան կատարած այցից հետո Իվանիշվիլի-Սահակաշվիլի հակամարտությունը ուժեղացել է

Հայաստան կատարած այցից հետո Իվանիշվիլի-Սահակաշվիլի հակամարտությունը ուժեղացել է

Վրաստանի նախագահին հասկանալ կարելի է. այն ամենը, ինչ նա «դասավորում էր» իր մահմեդական հարևանների համար, աչքի առջև փլուզվում է

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պարզապես չէր կարող չգալ Երևան: Խնդիրն այն չէ, որ նա արդեն եղել էր Բաքվում, այլ այն, որ Վրաստանի հայկական համայնքի նշանակությունը շատ ավելի կարևոր է, քան ադրբեջանականինը, և դա բացատրություն ունի: Թուրքիայի դրդմամբ, Սահակաշվիլին ջանասիրաբար պաշտպանում էր ադրբեջանցիներին, իսկ իշխանության եկած «Վրացական երազանքն» այժմ փորձում է նվազագույնի հասցնել մահմեդական ազդեցությունը Թբիլիսիի վրա:

PanARMENIAN.Net - Կհաջողվի դա Իվանիշվիլիին, թե ոչ, դժվար է ասել, առավել ևս, որ նախագահն առայժմ պաշտոնավարում է և վայելում Արևմուտքի աջակցությունը: Ճիշտ է, ոչ այն աստիճան, որքան մի քանի տարի առաջ, սակայն, ինչևէ, միտումը դեռևս շարունակվում է: Սահակաշվիլիի արևմտյան հովանավորների անհանգստությունը հասկանալի է. նրանք բոլորովի չեն ցանկանում դրյեֆ Ռուսաստանի ուղղությամբ: Ուզում են նրանք դա, կամ ոչ, սակայն դրեյֆն ակնհայտ է, թեև ԱԳ նախարարն ու ինքը Իվանիշվիլին ասել են, որ երկրի արտաքին քաղաքական կուրսը չի փոխվի: Ասելն ասում են, սակայն իրականում ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ: Երևան կատարած այցի ժամանակ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է. «Ցանկանում եմ ասել, որ բազմաթիվ հայ ընկերներ ունեմ ինչպես Վրաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս, մասնավորապես՝ Ռուսաստանում: Ընտրություններից առաջ այցելել եմ հայաբնակ շրջաններ, որտեղ ջերմ ընդունելության եմ արժանացել: Մենք լավ ենք հասկանում միմյանց և ընտրությունների արդյունքներն ապացուցեցին դա: Իմ գլխավորած կառավարությունը կանի ամեն բան, որպեսզի հայերը զգան, որ ապրում են իրենց երկրում: Կանենք ամեն բան նրանց ինտեգրացիայի համար և կիրականացնենք բոլոր խոստումները»:

Հայկական թեման շոշափվել է նաև Կաթողիկոս Գարեգին 2-րդի հետ հանդիպման ժամանակ: Բիձինա Իվանիշվիլին հաղորդել է կաթողիկոսին, որ հանձնարարել է վիրահայոց դպրոցներում «Հայոց պատմության» դասընթաց կազմակերպել: Ինչ վերաբերում է հայկական եկեղեցիներին, ապա Վրաստանի վարչապետը խոստացել է, որ անձամբ կհետևի եկեղեցիների վերականգնման գործընթացին և, որ անհապաղ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Վրաստանում հայկական եկեղեցիները պահպանելու համար: Իսկ Ջավախքից հայազգի քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի ազատ արձակման կապակցությամբ Իվանիշվիլին նշել է, որ հարցը ներկայումս քննարկման փուլում է:

Երևանում, իհարկե, խոսք է գնացել Աբխազական երկաթգծի միջոցով հաղորդակցությունը վերականգնելու հնարավորության մասին, սակայն…մի շարք խնդիրների լուծումից հետո: «Կարծում եմ, որ դա հնարավոր է…Դուք գիտեք, որ երկու երկրների՝ Հայաստանի և Վրաստանի, հարաբերությունների մեջ խնդիրներ չկան: Սակայն մենք մեծ խնդիրներ ունենք Ռուսաստանի հետ: Խնդիրները շատ մեծ էին, և դրանք, ցավոք, դեռևս գոյություն ունեն: Մենք մեծ հույս ունենք և փորձում ենք վերականգնել և կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Ամենախորը և խնդրահարույց հարցը Վրաստանի տարածքային ամբողջականությանն է վերաբերում… Դա երևի այդքան էլ արագ չի լինի»,-ասել է Իվանիշվիլին, հավելելով, որ խնդիրները կարելի է լուծել ավելի արագ և ավելի շուտ, եթե երկու կողմերն էլ այդ հարցում կամային գտնվեն: Վրացական կողմն այդ առումով պատրաստակամ է:

Միանգամից հետևել է Սահակաշվիլիի արձագանքը. «Վրաստանից Աբխազիա երկաթգծի աշխատանքի վերականգնումը չի համապատասխանում Թբիլիսիի շահերին: Իվանիշվիլիի՝ Հայաստանում արված հայտարարությունը տագնապահարույց է և հաշվի չի առնում Վրաստանի ռազմավարական և աշխարհաքաղաքական շահերը»,-հայտարարել է նա: Սահակաշվիլին բողոքել է նաև նրանից, որ «Վրաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ լրջորեն վատացել են»: «Բազմաթիվ թուրքական ներդրումներ դադարեցվել են: ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում Թուրքիան մեր գլխավոր կողմնակիցն է: Թուրքիայի հետ հարաբերություններում խնդիրների առաջացման պարագայում՝ մենք կկորցնենք ՆԱՏՕ-ին անդամակցելու պատմական հնարավորությունը: Վրաստանի ռազմավարական դաշնակիցն է նաև Ադրբեջանը, ուստի անթույլատրելի է հապճեպորեն հարցեր առաջադրելը՝ առանց մեր հարևանների հետ խորհրդակցություններ անցկացնելու: Հուսով եմ, որ դա չմտածված հայտարարություն էր, և եթե դա այդպես չէ, ապա մենք ծանր հետևանքների կբախվենք»,-հայտարարել է նախագահը: Նկատենք, որ նախքան Բաքու այցելելը Բիձինա Իվանիշվիլին խոսում էր Ղարս-Ախալքալաք-Բաքու երկաթգծի նախագծի աննպատակահարմարության մասին:

Վրաստանի նախագահին հասկանալ կարելի է. այն ամենը, ինչ նա «դասավորում էր» իր մահմեդական հարևանների համար, աչքի առջև փլուզվում է: Չենք խոսում ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի հայտարարության մասին՝ կապված Կովկասում հակամարտությունների հետ:

Ճիշտ է, դեպի Ռուսաստան լուրջ հակվածության մասին վրացի ԱԳ նախարարը դեռևս չի խոսել. դա վերջնականապես հայտնի կդառնա նախագահական ընտրություններից հետո: Սակայն ստեղծված երկիշխանությունը բացարձակապես պետք չէ ոչ Վրաստանին, ոչ հարևաններին. 1990-ականների քաղաքացիական պատերազմը դեռևս շատերի հիշողության մեջ է:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ

Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---